
Արցախ կատարած այցի շրջանակներում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները այցելել են Արցախի հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր, որտեղ շրջայց կատարելուց հետո ծանոթացել են զինվորականների ծառայության պայմաններին և մարտական պատրաստակամության վիճակին:
Հրամանատարությանը ու ժամկետային զինծառայողներին ուղղված խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ առանց Արցախ այցելության թերի կլիներ այս օրերին անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հավաքը:
«Ամեն անգամ, Արցախ այցելելով, մենք լրացուցիչ լիցքավորվում ենք և ավելի նվիրված աշխատում` հանուն Հայաստանի և Արցախի: Մաղթում եմ Ձեզ բարի ծառայություն և շնորհակալություն ընդունելության համար»,- ասել է Շավարշ Քոչարյանը:




