
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Առաջիկա 10-ից 12 տարում Գյումրիում մոտ 13 հազար աշխատատեղ կստեղծվի: Կառավարությունն այսօր հաստատել է Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը:
Փուլային իրականացվող ներդրումային ծրագրի համար մոտ 320 հա տարածք է անհրաժեշտ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարծիք է հայտնել, որ 320 հա-ն ահռելի տարածք է:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հիշեցրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված խնդիրները:
«Սկզբունքային համաձայնություն կա ներդրողի հետ. եթե ցանկալի արդյունք չգրանցվի, բաժանումը լինելու է առանց պարտավորության»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Գյումրիում մասնավոր ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Այն տեղակայված կլինի Շիրակ օդանավակայանի հարևանությամբ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ազատ տնտեսական գոտին ստեղծել 319 հա տարածքի վրա՝ մոտ 12 տարվա ընթացքում:
Ծրագրի վերջում այստեղ 13 հազար մարդ կաշխատի: Առաջին փուլում նախատեսված է ունենալ մոտ երեք հազար աշխատատեղ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարծում է, որ 320 հա ահռելի տարածք է, միջազգային փորձն է մեջբերում
«Շատ մեծ տարածք է, և շատ հզոր երկրներ թույլ չեն տալիս 200 հա-ից ավել ունենալ։ Սա տնտեսության քայքայման է բերում: 10-15 հա-ն բավարար է իմ կարծիքով»:
Ծրագիրը փուլային է լինելու, ռիսկերի հանդիպելիս մտահոգությունը հաշվի կառնեն՝ ասաց նախարարը: Տնտեսության ոլորտի պատասխանատուն վստահեցրեց՝ ընկերությունը ոլորտում միջազգային համագործակցության փորձ ունի:
Սկզբունքային համաձայնություն կա ներդրողի հետ։ Եթե ցանկալի արդյունք չգրանցվի՝ բաժանումը լինելու է առանց պարտավորության ու խաղաղ՝ ասաց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց.
«Մենք հնարավորությունը տալիս ենք, բայց հնարավոր պոտենցիալ անհաջողության դեպքում հետևանքներ չեն ունենում և բարդություններ չեն առաջանում»:
Ազատ տնտեսական գոտին առանձնացված տարածք է, որտեղ այդ պետության և օտարերկրյա ներդրողներին թույլատրվում է տվյալ երկրի այլ տարածքի համեմատ առավել ազատ պայմաններով ծավալել տնտեսական գործունեություն։
Այդ նպատակով ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ օրենսդրական, հարկային ու ոչ միայն: Գյումրիի դեպքում, ըստ պատասխանատուների, հստակ է՝ ծրագրի կյանքի չկոչվելու դեպքում պարտավորություններ չեն լինի:
Մեղրիի ազատ տնտեսական գոտու դեպքում ՝ հստակ չէ: 2017 թվականի օգոստոսին կառավարությունը հաստատեց, դեկտեմբերի 7-ին էլ բացվեց Մեղրի ազատ տնտեսական գոտին: Այժմ այնտեղ տնտեսական գործունեություն չի ծավալվում։

Գոտու ստեղծման առաջին փուլն արդեն ավարտվել է, իսկ 2-րդն իրականացնելու համար հարկավոր է վերադարձնել նախկինում վաճառված հողատարածքները։
Հարակից հողերի սեփականաշնորհման կասկածելի գործարքներ են եղել, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում են: Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ:
Ո՞ րն է երաշխիքը, որ այսօր հաստատված նախագիծը Մեղրու ազատ տնտեսական գոտու ճակատագրին չի արժանանա՝ հարցնում եմ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին. «իրավիճակները համեմատվող չեն»,- ասաց նախարարը:
«Հարցը զեկուցելու ժամանակ փոխվարչապետի դիտողությունը և խորհուրդը մեզ այն է, որ մենք երբ նոր ներդրողի հետ հարցը կքննարկենք ու զարգացման պլաններ կմշակենք, չստեղծենք այնպիսի իրավիճակներ, որ հարակից հողատարածքների նկատմամբ իրավունքների տրամադրումը նույն խնդիրներին հանգեցնի: Մեկ դասը պետք է բավարար լինի: Նոր ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը այլ հարթության մեջ են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նախաձեռնությունը հետաքրքիր բնորոշեց, հորդորեց չշտապել: Վստահեցրեց՝ ոլորտի լավագույն ներդրողներն են, գիտեն՝ ինչ են ուզում ու ակնկալում կառավարությունից:




