
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Միջին մասնագիտական կրթության զարգացումը համարելով գերակայություն` ԿԳ նախարարությունը երկար տարիներ աշխատում էր ոլորտի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ: Արդեն այսօրվա դիմորդների մեծ թիվը փաստում է, որ գերատեսչությունը հասավ իր նպատակին և այժմ արդեն օրհասական վիճակում են ավագ դպրոցները:
Ծնողները նախընտրում են նույնիսկ վճարովի ուսումնարանները անվճար ավագ դպրոցներից:
Երբ մի քանի տարի առաջ ներդրվեց ավագ դպրոցի ինստիտուտը, նպատակն էր աջակցել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը:
Զուգահեռ աշխատանք էր տարվում նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ քոլեջներն ու ուսումնարանները մեղմ ասած վստահություն չէին ներշնչում:
Տարիների ընթացքում, իհարկե, հաջողվեց քոլեջների վարկանիշը բարձրացնել։ Այսօր արդեն հակառակ խնդիրն ունենք: 9-րդ դասարանն ավարտելուց հետո շրջանավարտները նախընտրում են ինչ-որ մասնագիտական կողմնորոշում ստանալ մասնագիտացված ուսումնական հաստատությունում, այլ ոչ թե ավագ դպրոցում: Ծնողներից մեկի հետ եմ զրուցում:
«Ավագ դպրոցում փորձ ունեցող ծանոթներիցս պարզեցի, որ ավագ դպրոցը գիտելիք չի տալիս, ժամանակի կորուստ է և երեխան 3 տարի անիմաստ կորցնելուց հետո միևնույն է պետք է մասնավորի մոտ պարապի, որ կարողանա բուհ ընդունվել»:

Խնդիրն իսկապես կա՝ փաստում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Պատճառներից մեկն այն է, որ քոլեջները, ի տարբերություն ավագ դպրոցների, մի շարք առավելություններ ունեն: Քոլեջը որակավորում է տալիս, քոլեջից հետո բուհ ընդունելությունը ավելի սահուն է տեղի ունենում և առանց ընդունելության քննությունների:
Մյուս կողմից էլ՝ շատ ծնողներ պարզապես խուսափում են ավագ դպրոցներից: Պատճառներն արդեն ավագ դպրոցում է պետք փնտրել՝ ասում է փորձագետը.
«Ավագ դպրոցների ուժեղացման կարիք ունենք: Ոչ նորմալ բազա կա, ոչ էլ անհրաժեշտ հոսքերն ունեն բոլորը: Նման փոփոխություններ անելուց առաջ հավասար պայմաններ պետք է ստեղծվեին»:
Հավասար պայմաններ ստեղծելու փորձ իհարկե արվել է, բայց դա էլ ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել, նկատում է Սերոբ Խաչատրյանը:
«Կրճատվում են քոլեջների տեղերը, որպեսզի ավագ դպրոցներ ուղղորդեն երեխաներին: Կարծում եմ, որ այս մոտեցումը ճիշտ չէ: Եթե ես ուզում եմ, որ իմ երեխան սովորի ինֆորմատիկայի քոլեջում, բայց դուք այստեղ ընդամենը 18 տեղ ունեք, ես արդեն հայտնվում եմ ծանր վիճակում»:
Քոլեջներում տեղեր չեն կրճատվել, հերքում են նախարարությունից: Դեռ մի բան էլ ավելացվել են, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
«Նախորդ տարվա համեմատ միջին մասնագիտականի տեղերը 130-ով ավելացվել են»:
Քանի որ մասնագիտական կրթության գրավչությունը տարեց տարի մեծանում է, բնական է, որ կլինեն նաև մրցույթից դուրս մնացածներ: Ի վերջո, պետպատվերի տեղերը անսահմանափակ չեն, նկատում է զրուցակիցս:
Արտակ Աղբալյանը հայտնեց, որ հաշվի առնելով մասնագիտական ուսումնական հաստատություն դիմողների մեծ թիվը, հաջորդ տարի նախատեսում են հնարավորինս ավելացնել պետպատվերի տեղերը:




