
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել ու շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում /e-draft.am/։
Օնլայն տիրույթում նախագծի շուրջ քննարկումներն այսօր տեղափոխվել են բաց հարթակ։ Կարևորագույն ոլորտներից մեկի ապագա ռազմավարությունը որոշող փաստաթղթի վերաբերյալ պաշտոնականից զատ հնչել են նաև փորձագիտական կարծիքներ ու առաջարկներ։
Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտին առնչվող ռազմավարություն նախկինում երբեք չենք ունեցել։ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը շեշտում է՝ շրջանառության մեջ դրված՝ ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն առաջինն է։ Նախագծում ամրագրված ռազմավարության նպատակները մի քանիսն են.
«Ունենալ միջազգային չափանիշներին համահունչ, քրեական ենթամշակույթից ու կոռուպցիոն մեխանիզմներից զերծ քրեակատարողական և պրոբացիոն համակարգ»։
Հիմնական ուղղությունները, որոնց շուրջ մշակվել են նախատեսվող միջոցառումներն ու ծրագրերը, առնչվում են նախ օրենսդրական դաշտին։ Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ «Քրեակատարողական օրենսգրքի» փոփոխության կարիք կա։ Նախագիծն արդեն վերամշակման փուլում է։
«Մեր հիմնական նպատակներից է անցումը պատժողականից դեպի վերասոցիալականացման քաղաքականություն, որի գործիքակազմերը պետք է նախատեսվեն քրեակատարողական օրենսգրքում։
Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների հիմնանորոգում, տեխնիկական միջոցներով վերազինում։ Որոշ հիմնարկներ կօպտիմալացվեն, կկառուցվեն նորերը։ Օրինակ՝ նախատեսում են ապամոնտաժել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և, ամենայն հավանականությամբ, նույն անվամբ հիմնարկ կառուցել Խնձորեսկում։
Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը փոքր- ինչ այլ տեսակետ ունի․ ոլորտի քրեականացումն ու պատժողական մոտեցումը չեն կարող ավելի արդյունավետ դարձնել պայքարը։
«Դա տասնամյակների ընթացքում արմատացած մի այնպիսի խնդիր է, որը պահանջում է ընդգրկուն մոտեցում՝ սկսած վերասոցիալականացման բազմաբնույթ ծրագրերից մինչև քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավում»։

Արդարադատության փոխնախարարն ընդգծեց, որ վերասոցիալականացման, կրթական, ինչպես նաև բժշկական պատշաճ սպասարկմանն ուղղված ծրագրերը ևս նախատեսված են շրջանառվող փաստաթղթում։ Կառավարության համապատասխան որոշմամբ, ի դեպ, հունվարի մեկից կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը դատապարտյալներին ծառայություններ կմատուցի չորս հիմնական ուղղություններով՝ թերապևտիկ, հոգեբուժական, ատամնաբուժական և գինեկոլոգիական։ Ի դեպ, հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը կարծում է, որ գենդերային զգայունության առումով նախագիծը թերի է։
ՄԻՊ աշխատակազմից Վահե Հարությունյանը կարևորեց դատապարտյալներին բժշկական ծառայություններ մատուցող անձնակազմի, նրա բնորոշմամբ՝ ինստիտուցիոնալ անկախությունը, որն ապահովող երաշխիքները ևս կարծեք նկատելի չեն փաստաթղթում։ ՄԻՊ ներկայացուցիչն անդրադարձավ նաև ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներին։
«Շատ կարևոր է, որպեսզի այդ պայքարն իրականացվի նաև քրեակատարողական հիմնարկների աշխատողների սոցիալական վիճակի բարելավմամբ»։
ՄԻՊ ներկայացուցիչը կարևորեց նաև ազատությունից զրկված անչափահաս դատապարտյալների համար ոչ բանտանման միջավայրի, արտաքին աշխարհի հետ դատապարտյալների կապի միջոցներից օգտվելու իրավունքի իրացման հնարավորությունների ստեղծումը։ Ընդգծեց նաև դեպի քրեակատարողական հիմնարկներ տրանսպորտային միջոցների հասանելիության կարևորությունը։




