ԿարևորՎերլուծական

Ինչ փոխեց ֆրանսիական միջնորդությունը Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Միացյալ Նահանգների  ու Իրանի հարաբերություններում  առաջընթաց չի լինի, եթե Վաշինգտոնը չվերացնի հակաիրանական պատժամիջոցները՝  հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողով այցին՝ Ռոհանին միաժամանակ  նշել է, որ Թեհրանը պետք է օգտագործի ցանկացած միջոց ՝ «հանուն երկրի ազգային շահերի»: Ինչ փոխեց ֆրանսիական միջնորդությունը Վաշինգտոն-Թեհրան հարաբերություններում, Իրանի արտգործնախարարի այցն ու Ֆրանսիայի նախագահի ջանքերն արդյո՞ք մեղմեցին  իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը ։

Ֆրանսիայի Բիարից քաղաքում կայացած «Մեծ յոթնյակի» 45-րդ գագաթաժողովի ուշագրավ դրվագներից էր Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի չհայտարարված այցը, ինչը անակնկալի էր բերել հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկյան պատվիրակությանը: Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ G7-ից հետո որոշ տարաձայնություններ են առաջացել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև, քանի որ կազմակերպելով Իրանի արտգործնախարարի այցը՝ նախագահ Մակրոնը, կարծեք, փորձել  է իր ձեռքը վերցնել նախաձեռնության ղեկը։

«Այնպիսի տպավորություն էր, որ Ֆրանսիայի նախագահը G7 խմբի անունից փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ։ Նկատվեց, որ Միացյալ Նահանգները դեմ է այդ նախաձեռնությանը և որևէ ցանկություն չունի Իրանի հետ բանակցելու»։

Այդուամենայնիվ, այս իրավիճակում  կողմերից յուրաքանչյուրը փորձեց  հետամուտ լինել իր շահերին։ Արմեն Իսրայելյանի խոսքով՝ Իրանի համար կարևոր էր լարված մթնոլորտում թեկուզև կարճաժամկետ լուծումների փնտրտուքը. հարաբերությունների լավացումը Եվրոպայի հետ և, ինչու չէ, վերջինի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման փորձը։

Ինչ վերաբերում է  ամերիկյան կողմին, ըստ փորձագետի, Իրանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ հայտարարություններով նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ընտրություններից առաջ գործընթացը ծառայեցնել  ներքաղաքական օրակագին։ Իսկ Իրանում սա լավ են հասկանում։

Չնայած պատային այս իրավիճակին, Ֆրանսիայի նախագահին, այնուամենայնիվ, հաջողվե՞ց որոշակի մեղմություն հաղորդել Իրան –ԱՄՆ հարաբերություններին։ Փորձագետի խոսքով՝ հայտարարությունների հիման վրա դատողություններ անելն այս իրավիճակում սխալ է, քանի որ այդ հայտարարությունները պետք է դիտարկել նախ և առաջ նախընտրական տրամադրությունների համատեքստում։  Այս պահին ակնհայտ է մի բան՝  G7-ով  շփումները չեն ավարտվի, իսկ Ֆրանսիան կշարունակի պահպանել ստանձնած միջնորդի դերը։  Այս հարաբերություններում, ընդհանրապես,  չպետք է անտեսել Եվրամիության դերը՝ ասում է Իսրայելյանը։

Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական լայնածավալ գործողությունների իրականացումն առաջիկայում  փորձագետը քիչ հավանական է համարում։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը ևս Հայաստանին սահմանակից երկրում պատերազմական գործողությունների հեռանկարն  անիրատեսական է համարում։ «Լարվածության պիկը հաղթահարված է»,-ասում է։

Իրան-Հայաստան ներկա հարաբերությունների վերաբերյալ Ահարոն Վարդանյանի գնահատականն այսպիսին է. «Ներքին խնդիրների մեջ խճճված Հայաստանն այս պահին այդ ուղղությամբ բավարար աշխատանք չի տանում։ Բայց այդ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու այլընտրանք պարզապես չունենք, քանի որ Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն և տարածաշրջանում կարևորագույն կշիռ ունեցող հզոր պետություն է»,- ասում է Վարդանյանը։

Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակն ավելի դրական է գնահատում իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Կարևորում է Հայաստանի վարչապետի այցը Իրան և հատկապես այս երկրի նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ հանդիպումները։

Իրանագետի բնորոշմամբ՝ Հայաստանն առաջ է տանում իր քաղաքական ու տնտեսական օրակարգը՝  անկախ ԱՄՆ -Իրան հարաբերություններից։

Կարդացեք նաև

Back to top button