
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Երևանի տրանսպորտային գերբեռնվածության խնդրի լուծմանն ուղղված մայրաքաղաքային իշխանությունների քայլերը խնդիրներ են ստեղծում մարզերի բնակիչների համար։ Մասնավորապես, «Ռադիոլուրն» այսօր անդրադարձել է Երևան-Վարդենիս երթուղուց օգտվողների խնդրին, որի մասին բարձրաձայնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Երևանի քաղաքապետի հրահանգի արդյունքում՝ մայրաքաղաքի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի փոխարեն Վարդենիսից ժամանած ուղևորներն այժմ կարող են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծել նրանց համար։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն արդեն մի քանի օր է բողոքներ է ստանում Գեղարքունիքի մարզի տարբեր բնակիչներից։ Ըստ պատգամավորի, նրանց համար խնդիրներ է ստեղծել մարզից մայրաքաղաք իրականացվող ուղևորափոխադրումների երթուղու փոփոխության վերաբերյալ Երևանի քաղաքապետի հրահանգը։
«Հատկապես վարդենիսցիները ութ հազար ստորագրություն են հավաքել ու ներկայացրել ինձ, նրանք դժգոհում են, որ 1500 դրամ վճարում են, որպեսզի միկրոավտոբուսներով հասնեն Երևան, բայց չեն հասնում, հասնում են «Հյուսիսային» ավտոկայան ու կանգառ անում»։
Երևանի քաղաքապետի հրահանգի արդյունքում՝ եթե նախկինում մարդիկ կարողանում էին հասնել Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայան, ապա այժմ կարող են հասնել միայն «Հյուսիսային» ավտոկայան։ Պատգամավորի խոսքով, քաղաքի ինչ-որ իքս կետ հասնելու համար «Հյուսիսային» ավտոկայանից վարդենիսցիները ստիպված տաքսի են վարձում։
«Մարզից ժամանած ուղևորների համար սա ոչ միայն ֆիզիկական, այլև նյութական լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Ստացվում է, որ նրանք վճարում են ոչ թե 1500 դրամ, այլ գրեթե կրկնակի»,-ասում է Թովմասյանը։
Նշելով, որ միանգամայն գիտակցում է մայրաքաղաքի գերբեռնվածության խնդիրն ու բեռնաթափման ուղղությամբ քաղաքային իշխանությունների քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն, այդուամենայնիվ, ընդգծում է, որ այդ քայլերը չպետք է իրականացվեն ուրիշների իրավունքների և նրանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծելու հաշվին։ Միաժամանակ, Թագուհի Թովմասյանը չի կարծում, որ տվյալ սահմանափակումները կնպաստեն բեռնաթափմանը․
«Ես չեմ կարծում, որ բեռնաթափումը կիրականացվի ամբողջ ծավալով, քանի որ այն տաքսիները կամ այլ փոխադրամիջոցները, որոնք այդ մարդկանց տեղափոխելու են, ապահովելու են նույն շարժը»։
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք նաև «Հայավտոկայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ․
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն, ուղևորափոխադրողները պետք է ունենան սկզբնակետ և վերջնակետ։ Մրցույթին մասնակցելիս Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող կոնկրետ այդ ուղևորափոխադրողի համար որպես սկզբնակետ սահմանվել է հենց «Հյուսիսային» ավտոկայանը»,- նշում է Մնացականյանը։
Մայրաքաղաքի տրանսպորտային գերբեռնվածության խնդիրը լուծելիս արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի է առնում մարզերի բնակիչների համար ստեղծված վերոհիշյալ խնդիրները․ հարցին անդրադառնալիս՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ևս վկայակոչեց օրենքի պահանջը․ «Կառավարության համապատասխան որոշմամբ, մարզերից եկող տրանսպորտային միջոցներն իրենց փոխադրումները պետք է կազմակերպեն քաղաք մուտք գործող առաջին իսկ ավտոկայաններից կամ հերթապահ կետերից»։
«Սա պահանջում է օրենքը, պահանջում է նաև մայրաքաղաքի տրանսպորտային գերբեռնվածության խնդրի լուծումը»,- նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան։ Նավասարդյանի բնորոշմամբ, մարզային բոլոր փոխադրամիջոցներն էլ կցանկանան քաղաքի մի ծայրից մտնել, մյուսով դուրս գալ, բայց քաղաքի ծանրաբեռնվածության տեսանկյունից դա անթույլատրելի է։

Ի դեպ, խնդիրը բարձրաձայնելուց զատ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ռադիոլուրի» եթերում նաև լուծման տարբերակ առաջարկեց.
«Վարդենիսցիներին կարելի է ապահովել այնպիսի տրանսպորտով, որ նրանք իրենց ծանր ուղեբեռով կարողանան օգտվել դրանից»։
Վարդենիսցիները պատգամավորին արդեն զգուշացրել են՝ խնդիրը չլուծելու դեպքում կփակեն միջպետական մայրուղին։ Եթե իրենց չեն թողնում մտնել մայրաքաղաք, իրենք էլ թույլ չեն տա մեկնել Արցախ, իսկ ճանապարհներ փակելու փորձ, ինչպես նկատում է Թովմասյանը, նրանք արդեն ունեն։




