
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Սպայկա» ընկերությունը մի քանի օր է, ինչ ահազանգում էր, որ հայկական դեղձով բեռնված բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում ու չեն կարողանում տեղաշարժվել մաքսային դանդաղ զննման պատճառով:
Մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով: Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակը, սակայն, այսօր «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ բեռներն արդեն զննում անցել են ու շարժվել Վերին Լարսից:
Սպայկայից էլ դժգոհում են ստեղծված վիճակից ու նշում, որ զննման այս ձևը թույլ չի տալիս թարմ մթերք արտահանել:
Ողջ գիշերվա ու այսօր առավոտվա ընթացքում Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է և բեռնատարները շարժվել են մաքսակետից՝ «Ռադիոլուրին» տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը.

«Կապի մեջ էինք Վերին Լարսի մեր անցակետի գործընկերների հետ, որպեսզի ստուգումներն ընթանան հնարավորինս արագ ու այնպիսի պայմաններում ու ջերմային ռեժիմում, որ մթերքին վնաս չհասցվի»:
«Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ընկերության՝ դեղձով բեռնված բեռնատարները զննում անցնելու հետո տեղաշարժվել են Վերին Լարսի անցակետից։ Սակայն դա չի նշանակում, թե հարցը մշտապես լուծված է: Ի՞նչն է պատճառը, որ անցակետում բեռնատարները շարվում են ու հնարավոր չի լինում արագ անցնել.
«Դանդաղ են մաքսային զննում իրականացնում, բացի դա՝ զննման ընթացքում բերքը հանում են սառը ջերմաստիճանից ու տաք եղանակային պայմաններում փչանում է միրգը: Մի հատ ռենտգեն են անում, մի հատ էլ զննում : Անգամ առաջարկել ենք այլ պահեստ վարձակալենք, ու իրենք գան այդտեղ զննում իրականացնեն, որ ջերմաստիճանը պահպանվի, բայց չհամաձայնվեցին»:
Դեղձի արտահանումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով «Սպայկա» ընկերությունը պայմանագիր է կնքել շուտ փչացող ապրանքների համար անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող պահեստի հետ։ Այն գտնվում է Վլադիկավկազ քաղաքում։
«Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հիշեցրեց, որ նման պայմաններում են արտահանել նաև ծիրանը, վնասներ են կրել: Եթե արտահանման հարցում նման բարդությունները շարունակվեն, ապա «Սպայկան» ստիպված կլինի դադարեցնել արտահանումը:




