ԿարևորՄշակույթ

«Մանսուրյան-80» համերգաշար՝ Գյումրիում եւ Արցախում

Նրա երաժշտությունը ծնվում է լռությունից, լռության ու աղմուկի պայքարից: 2019-ը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն 80 տարեկան է:

«Երբ քննարկում էինք, մաեստրոն չէր ուզում ֆիլմեր իր մասին կամ որևէ այլ ձևափաչ, քան համերգներն են»,- նշում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու կառավարության աջակցությամբ  մանսուրյանական տարում հայ հանդիսատեսը կունենա բացառիկ հնարավորություն՝ մասնակից դառնալու մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի։

«Քաղաքն այդքան բյուջե չուներ, և քաղաքապետը դիմեց կառավարություն: Ծրագիրը դառնալու է տարվա մշակութային զարկերակը»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

«Քաղաքապետարանի առաջարկից ոգևորված էինք, և սա մի նշանակալի ազդակ է, որ կարող է ունենալ շարունակություն»,- նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Մանսուրյան-80» երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ Արցախի «Վերածննդի» հրապարակում: Բացօթյա համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մանսուրյանի կինոմեղեդիները։  Կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ։

«Իմ երաժշտությունների մի մասի նոտաները չկան անգամ իմ գրադարանում: Դրանք ժամանակին հանձնել եմ Մոսկվայի  կինոմատոգրաֆիստների միություն: Այժմ մեծ աշխատանք է տարվել» ,-պատմում է Տիգրան Մանսուրյանը:

«Մանսուրյան-80» համերգաշարի 5 համերգների ընթացքում կհնչեն մաեստրոյի կինոերաժշտությունը, նաև սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։

Սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կթևածի մաեստրոյի երաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Սարյանի անվան լարային քառյակը, դաշնակահարներ Պավել Դոմբրովսկին, Իզաբելլա Մելքոնյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և սոպրանո Աննա Ավդալյանը։

Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Տիգրան Մանսուրյանի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին երևանյան համերգին սիմֆոնիկ նվագախումբն օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Մանսուրյանի կինոերաժշտությամբ։

Համերգների մուտքը կլինի տոմսերով, և բոլոր երաժշտասերները հնարավորություն կունենան համերգաշարի մասնակից դառնալ։

«Այսչափ հոգածություն ես երբևէ չեմ զգացել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ»,-ասում է մաեստրոն:

Փառատոնը կեզրափակվի Գյումրիում, սեպտեմբերի 13-ին՝ «Սև բերդ» հուշարձանում։

Մաեստրոյի հոբելյանին նվիրված ծրագրի շրջանակում կթողարկվեն սահմանափակ թվով արծաթյա հուշանվերներ։ Դրանք հատուկ համերգաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանող հյուրերին տարիներ անց կհիշեցնեն երաժշտական բացառիկ օրերի մասին։

Կարդացեք նաև

Back to top button