
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Հայաստանում լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են սկսվել: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում վստահեցնում են՝ աշխատանքների տեմպից որակը չի տուժի:
Այս տարի հիմնանորոգվող ճանապարհներում վերին շերտի նորոգում կարվի մոտ ութ տարի հետո: Ընդհանուր ճանապարհները պետք է մոտ 18 տարի չքանդվեն ու չսարքվեն:
Ընդհանուր առմամբ, ոլորտին ուղղվելու է 20 մլրդ դրամից ավելի գումար: Պարզվում է, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի նաև ոլորտում հայտեր են չեղարկվել:
Տավուշի մարզում օրինակ չեղարկվել է դեպի Մակարավանք տանող ճանապարհի շինարարական աշխատանքները: Պարզվել է նաև, որ ոչ միայն հայերն են մեկնում արտագնա աշխատանքի, այլ Հայաստան են գալիս շինարարությունում աշխատելու:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում խոստանում են՝ 2019- ի համար նախանշված 330 կմ ճանապարհների հիմնանորոգման ու նորոգման աշխատանքները կավարտվեն ժամանակին:
Փոխնախարար Բագրատ Բադալյանը վստահեցնում է՝ մինչև տարեվերջ կունենան ավելի շատ կնքված պայմանագրեր՝ մոտ 360 կմ:
«Դեպի հարավ՝ Իրանի սահման ունենք Երասխի հատվածը՝ 12.5 կմ, որը շատ վատ վիճակում էր, ունենք Չիվա- Արենի հատվածը, որը նույնպես շատ վատ վիճակում էր, նաև՝ Ջերմուկի հատվածում՝ Մալիշկա գյուղի մոտ, և դրանից հետո, Սյունիքում՝ Զանգերից մինչև Տաթևի խաչմերուկ՝ ամբողջ հատվածը: Գորիսից հետո մինչև Որոտանի կիրճը՝ 6կմ, 9.5 կմ էլ՝ Մեղրիի հատվածում: Միայն այս ուղղությամբ՝ մոտ 85 կմ: Նախատեսել ենք ամբողջն այս տարի ավարտել»,-ասաց Բագրատ Բադալյանը:

Դեպի Վրաստանի սահման՝ Երևան- Սևան- Դիլիջան- Իջևան և Բագրատաշեն: Այս հատվածներում՝ մինչև Դիլիջանի թունել, երեք հատվածներից երկուսում աշխատանքները ավարտված են։ Երրորդ հատվածում՝ առաջիկա օրերին՝
«Դեպի Թերակղզի ճանապարհը ավարտված է՝ (1 կմ) , ունենք Դիլիջանի օղակաձև հատվածից հետո գրեթե մինչև Բագրատաշեն ամբողջ հատվածը: Մինչև Հաղարծին հատվածը աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, Հաղարծին-Հովք հատվածում կային որոշակի թերություններ, որ կապալառուն վերացնում է, առաջիկա տասը օրում կավարտվեն: Այդտեղ 3 կմ երկարությամբ հատվածներ կան, որ փոսեր են առաջացել։ Կապալառուն ոչ միայն փոստային հիմքով պետք է նորոգի, այլ նոր վերին շերտ ամրացնի վերին հատվածում: Պատվիրել ենք ունենալ իդեալական ճանապարհ և ակնկալում ենք այն ունենալ»:
Ոսկեպար- Նոյեմբերյան հատվածում յոթ տարբեր ուղղություններով աշխատանքներ են իրականացվում: Այստեղ մի մասը անցյալ տարի վերանորոգվել էր որոշակի խնդիրներով: Շինարարությունն իրականացնող կապալառու ընկերությունն իր միջոցներով 12 կմ հատվածի վրա նոր շերտ է ավելացրել:
Եվս 6 հատվածներով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում: Այս հատվածն ամբողջությամբ կվերանորոգվի: Տավուշում ևս մի կարևոր, ավելին՝ ռազմավարական նշանակություն ունեցող հատված է առանձնացնում Բագրատ Բադալյանը.

«Դա Բաղանիսի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ աշխատանքներն իրականացվում են լայն թափով: Դիտարկվող հատվածն է, որտեղ պարբերաբար վտանգ կար և հակառակորդի կողմից վտանգի տակ էր: Ճանապարհն այս պահին հիմնանորոգվում է»:
Շինարարական աշխատանքներ են նաև Դիլիջան- Վանաձոր հատվածում ՝ 30 կ: 20 կմ- ը հիմնանորոգվում է, այն ամբողջությամբ կավարտվի: Դեպի Գյումրի -Բավրա. հիմնանորորգվում են Գյումրի- Կապս Ամասիա ճանապարհները, այս հատվածը ամբողջ տարածաշրջանը Գյումրու հետ է կապում:
Բագրատ Բադալյանը կարևորում է Երևանի շրջանցիկ ճանապարհը՝ Նոր Հաճըն-Աշտարակ ճանապարհը. «12.5 կմ է, նախատեսված է փոխանցիկ: Աշխատանքների մի մասը՝ մեկ քառորդը, այս տարի, մնացածը՝ մյուս տարի: Եթե շինարարները կարողանան ավարտել, մենք ֆինանսների խնդիր չունենք: Սակայն դա որակի հաշվին չպետք է լինի»,- ասում է:
Աշտարակից Սպիտակ հատվածում նույնպես աշխատանքներ են ընթանում: Գյումրի- Վանաձոր՝ Մ 7 հատվածում նույնպես աշխատանքներ են իրականացվում:
Պարզվում է, որ այս տարի նաև ճանապարհաշինարարության մրցույթների հայտեր են չեղարկվել։ Օրինակ Տավուշում։ Մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց:

Ոլորտը համակարգող փոխնախարար Բագրատ Բադալյանից փորձեցինք հասկանալ ՝ ինչու: Որակի նկատմամբ վերահսկողությունը ստիպում է երկար մտածել՝ ասում է.
«Տվյալ տարածաշրջանում աշխատանքները մեծ են ու կապալառուները չեն ուզում նոր աշխատանք վերցնել, քանի որ ֆիզիկապես չեն հասցնի»:
Մրցույթները թափանցիկ են ու էլեկտրոնային, մրցակցությունը թեժ՝ ասում է Բադալյանը: Տնտեսումներ անում են, սակայն խելամիտ սահմաններում: Քանի որ շինաշխատանքների ծավալները եռապատկվել են, ավելացել են նաև մրցույթներին մասնակից ընկերությունները:
«Նաև շուկան է զարգանում՝ նոր մասնակից, կազմակերպություններ: Մենք կապալառուների հետ հաճախ ենք հանդիպում: Շատ հաճախ կան դեպքեր, երբ նրանք չեն կարողանում բանվորական աշխատուժ գտնել այլևս»:
Ոլորտում մասնագետների ու ընդհանրապես թափուր աշխատատեղեր կան: Միայն Տավուշում հարյուրավոր մարդիկ են ներգրավված ճանապարհաշինարարության մեջ, սակայն, մարզպետ Հայկ Չոբանյանի փոխանցմամբ, ընդամենը 15 տոկոսն է մարզի բնակիչ.
«Նոյեմբերյանի Կիրանց Ոսկեպար հատվածում գործատուն ասում էր, որ 7-10 հազար դրամով աշխատանք է առաջարկում, մարդիկ չեն գալիս: Ունենք տեղեր, երբ այլ երկրից հրավիրված շինարարներ են աշխատում: Կոնկրետ Ուզբեկստանից աշխատողներ ունենք: Մարդիկ գալիս հասնում են՝ գիշերը մնում են, սնվում են, աշխատում են, աշխատավարձը ստանում են ու գնում են», -ասում է մարզպետը:

Այս տարի նախատեսվում է հաջորդ տարվա մրցույթները տարեվերջին կազմակերպել: Սա նաև արտագաղթը նվազեցնելու համար է: Գարնանն արդեն մարդիկ աշխատանք կունենան ու ՌԴ չեն մեկնի:
Հաշվարկներ, թե ինչքան տղամարդ արտագնա աշխատանքի չի մեկնի 2020-ին, չկան։ Մոտավոր պատկերը պարզ կլինի տարեվերջին:




