ԿարևորՄշակույթ

Կոմիտասը կհնչի անգլերենով․ աշխարհահռչակ երաժիշտը նրա մեծ երկրպագուն է

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Սեբուհ Սիմոնյան.  ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ, ստեղնաշարահար և պրոդյուսեր. «Capital Cities» խմբի համահիմնադիր: Ծնվել է 1978-ին՝ Լիբանանում քաղաքացիական պատերազմի  պատճառով Հալեպ տեղափոխված բեյրութահայ ընտանիքում: Կարճ ժամանակ անց ընտանիքը վերադարձել է Լիբանան: Քաղաքացիական պատերազմը 1985 թ կրկին ստիպել է Սիմոնյաններին հեռանալ Բեյրութից, այս անգամ  ընդմիշտ՝  ԱՄՆ, Լոս Անջելես: «Ես ամբողջ կյանքում, դեռ փոքր տարիքից զբաղված եմ երաժշտությամբ, երաժշտության դասեր եմ առել, դասական երգեր սովերել՝ ամերիկյան, եվրոպական, հայկական: Սակայն միշտ սիրել եմ ռոք երաժշտությունը:15-16 տարեկանում սկսեցի սովորել դասական ռոք, նվագել ու երգել  Pink Floyd, The Beatles խմբի երգացանկից, և կազմեցինք խումբ: Ընթացքում հասկացա, որ ես էլ կարող եմ երգեր գրել, և իմ երգերը սկսեցինք երգել, նվագել: Բավականին դժվար էր սկզբի տարիները «կարիերա անել» և գումար աշխատել, բայց այս վերջին տարիներին ստացվեց»:

Սիմոնյանն իր առաջին երաժշտական խումբն ունեցավ ընդամենը 15 տարեկանում։ 2004 թվականին Սիմոնյանը՝ որպես մենակատար և ստեղնաշարահար, Ռայան Ուելքրը՝ որպես կիթառահար և բեքվոկալիստ, ձևավորցին են «Aviatic» ռոք խումբը։ 2008-ին Սիմոնյանը հանդիպեց  Ռայան Մերչենթին, համատեղ աշխատեցին, 2010 թ. ձևավորվեց նրանց համատեղ «Capital Cities» ինդի փոփ խումբը։

Աշխարհահռչակ երգչի հետ զրույցի ընթացքում առաջինը, ինչ աչքի է ընկնում, նրա համեստ կեցվածքն է. հետաքրքրական է լսել՝ ինչպես է  հեղինակավոր հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից տևական ժամանակ չիջնող «Safe & Sound» հիթի հեղինակը պատմում, թե ինչպես է փառքը թակել իր դուռը: «Վերջին խումբս՝ «Capital Cities» -ը երգեր թողարկեց, որոնցից մեկը «Safe & Sound»-ը բավականին հաջողեց, այն ամբողջ աշխարհը լսեց: Դա ինձ առիթ տվեց, որ աշխարհը պտտեմ և համերգներ տամ այս խմբի հետ: Ալբոմ թողարկեցինք 2013 թվականին, իսկ երկրորդ ալբոմս անցյալ տարի թողարկվեց: Հիմա, քանի որ այս առիթ ունեմ շարունակելու և երաժշտությամբ զբաղվելու, ես իմ սոլո երգերիս վրա եմ աշխատում, Հայաստան այցելում եմ հաճախ, ներշնչվում հայկական երաժշտությամբ և շարունակում իմ գործս»:

Հայաստան թեև այցելել է հաճախ, համերգներ նույնպես ունեցել է, սակայն հայաստանյան հասարակության շրջանում լայն ճանաչում ամերիկահայ երգիչը ձեռք է բերել 2017-ին՝ երգչուհի Սիրուշոյի հետ ձայնագրված «Վույ աման» զուգերգից հետո: Նրա հետ համագործակցությունը Սեպուհը շարունակում է, աշխատում են 4-5 նոր երգերի վրա, որոնց տեսահոլովակների նկարահանումները նույնպես, հնարավոր է, որ  Հայաստանում լինեն:

«Ձեր երգացանկի մեջ իշխողը անգլերեն երգերն են, կունենա՞ք հայերեն կատարումներ»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Մեպուհը խոստանում է հայերենով նոր կատարումներ և տեղեկացնում. Կոմիտասի մեծ երկրպագուն է:

«Այո ես Կոմիտասի մեծ «ֆան եմ», սիրահար, շատ եմ սիրում նրա  երաժշտությունն ու երգերը, հիմա փորձում եմ ուսումնասիրել, սովորել Կոմիտասի երաժշտությունը,  ներշնչվել իր եղանակներով, որպեսզի նոր երգեր գրեմ: Նաև երգերը ձայնագրեմ, մշակեմ նոր ձևով: Մի քանի երգ հիմա կփորձեմ թարգմանել անգլերեն և ձայնագրել: Հույս ունեմ՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կվերջացնեմ»:

Սեպուհը համագործակցում է և կշարունակի համագործակցել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ, սակայն նրա հետ շփումն այլևս դուրս է միայն մասնագիտական հարթությունից: «Սերժ Թանկանը իմ մտերիմ բարեկամն է, վերջին տարիներին առիթ ունեցանք շփվելու, աշխատելու: Հիմա մի քանի երգերի վրա ենք աշխատում: Նա էլ զավակ ունի, մենք էլ՝ երկուսը, զավակները նույնպես ընկերացան մտերմացան: Հիմա ավելի հաճախ ենք հանդիպում, որպեսզի երեխաները իրար հետ շփվեն, ավելի շատ դրանով ենք զբաղվում, քան երաժշտությամբ:

Եվս մեկ հարց ճանաչված երաժշտին. «Հայաստանում ի՞նչն է ձեզ ամենաշատը հրապուրում»: «Հայությունը (ծիծաղում է)… ուրիշ տեղ չկա նման հայություն: Սա մեր տունն է, մեր ազգը, մեր լեզուն… այստեղ շրջապատված եմ հայերով: Այլ տեղ ջանք պետք է թափես, որպեսզի հայությունը չորս կողմից քեզ շրջապատի: Ես սիրում եմ Երևանի կենտրոնի կյանքը, անշուշտ տարբեր է քան Լոս Անջելեսից, որտեղ ես ապրում եմ, կամ այլ քաղաքներից, ուր այցելել եմ: Շատ ավելի դյուրին է ամեն ինչ, մոտիկ է, փոքրությունը սիրում եմ, չեմ սիրում հսկա շենքեր: Այստեղ փոքր է ամեն ինչ, և դա ինձ շատ է դուր գալիս:

Սեպուհը հայկական ընտանիք է ձևավորել, հասել է մեծ հռչակի,  «ի՞նչ է մնացել»՝ հարցնում ենք: «Հիմա երբ երկու զավակ ունեմ, ամբողջ կյանքս նվիրված է նրանց: Ես շատ երջանիկ եմ, որ զբաղվում եմ երաժշտությամբ, հույս ունեմ, որ իմ զավակները նույնպես կկարողանան իրենց երազանքները իրականացնեն»:

Սեպուհը Հանրային ռադիոյից հեռանում է Հայաստան հաջորդ այցի ժամանակ կրկին Ալեք Մանուկյան 5 հասցե այցելելու խոստումով: Մեկնելուն հաշված ժամեր են մնացել: «Գնամ քայլեմ Երևանով»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Back to top button