ԿարևորՀասարակություն

Խավարից դեպի լույսի հույս

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Տարիքն ու հիվանդությունը դատավճիռ չեն․ թվում է՝ ծեծված բառեր են, որոնք ավելի հաճախ ասվում են զուտ սփոփանքի ու քաջալերանքի համար։ 65-ամյա Սամվել  Սեյրանյանն այդ խոսքերի ճշմարտացիութունն ապացուցող  լավագույն օրինակն է։ Շաքարային դիաբետի պատճառով  արդեն մի քանի տարի կուրությամբ տառապող  տղամարդու կյանքը վերածվել է յուրօրինակ պայքարի խավարի դեմ. մեկ գիրք է գրում, մեկ  լեզուներ սովորում, վերջերս էլ հեղինակային գյուտով  է «լուսավորել»  իր խավարը։ Նրա լավագույն ընկերը, ի դեպ, ինչպես ինքն է խոստովանել, Հանրային ռադիոն է։  Ճանաչում է «Ռադիոլուրի» բոլոր ձայները։ «Ռադիոլուրի» եթերում այսօր հենց նրա՝ խավարի ու ծերության դեմ պայքարող Սամվել Սեյրանյանի ձայնն է։

«Արդեն 65 տարեկան եմ։ Կոմունիստների օրոք  ռեժիսոր-օպերատորականն եմ ավարտել, բայց մասնագիտությամբ չեմ աշխատել։ Տարբեր բնագավառներում եմ աշխատել, մինչև կյանքը փոխվել է»։

Սամվել  Սեյրանյանի կյանքը փոխեց հիվանդությունը՝ շաքարային դիաբետը, որի պատճառով վերջին յոթ   տարիներին, ինչպես ինքն է ասում, լույս ու մութն անգամ չի տարբերում։ Հիվանդության, խավարի, այսօր նաև  ծերության դեմ պայքարը  նա սկեսեց այն ժամանակ, երբ դեռ կարող  էր հասնել Գառնի ու հուշարձանի տարածքում վաճառել իր իսկ կատարմամբ ժողովրդական երգերի սկավառակաները։ Տարածքում բազմաթիվ զբոսաշրջիկներ կային, բայց շփումը մի տեսակ չէր ստացվում, ավելին էր ուզում ու որոշեց․

«Զգացի, որ այլ ազգերին՝ ֆրանսիացուն, անգլիացուն, իտալացուն անգլերենով դիմում եմ, չեն պատասխանում։ Մտածեցի՝ ամեն երկրից եկածի հետ պետք է իր լեզվով խոսեմ ու չսխալվեցի։ Հենց առաջին տարվա ընթացքում յոթ լեզու սովորեցի՝ շատ սահմանափակ բառապաշարով։ Հետո ամեն տարի մի քանի լեզու ավելացրի։ Թեթև շփման համար հիմա 20 լեզու գիտեմ»։

«2012-ին, երբ սկսեցի նկարել «Հայ տարեցը» ֆիլմը, մարդկային  դեմքերն արդեն չէի տեսնում։ Օպերատորն էր ինձ օգնում»,-պատմում է զրուցակիցս։ Այո, Սամվել Սեյրանյանը նաև ֆիլմ է նկարել, հերոսն էլ ինքն է։ Ֆիլմը գուցե գլուխգործոց չէ, բայց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրին գնահատել էր հիվանդությունից ու նրա դավադիր հետևանքներից փուլ չեկած մարդու պայքարը։ Փառատոնի խրախուսական մրցանակն այսօր նրա հպարտության առարկաների պատվավոր ցանկում է։  Ֆիլմում իր օրինակով Սամվել Սեյրանյանը փորձում է համոզել բախտակիցներին՝ ոչ ծերությունը, ոչ էլ անգամ ծանր հիվանդությունը դեռ վերջը  չեն։

«Մարդիկ,  տներում նստած, սպասում են, թե երբ են կնքելու իրենց մահկանացուն։ Ես ասում եմ, որ այս տարիքում էլ կարելի է ինչ-որ բանով զբաղվել, օրը ավելի հետաքրքիր դարձնել։   Ֆիլմից հետո ես նաև գիրք գրեցի՝ «Խավարից դեպի լույսի հույս», որը թարգմանվել  է նաև ռուսերեն և անգլերեն։ Նպատակը հենց դա էր՝ ցույց տալ, որ չի կարելի նստել ու սպասել կյանքի վերջին պահին»։

«Գրքում իմ կյանքն է՝ դետեկտիվ մի պատմություն, որը կարող է նաև կինեմատոգրաֆիստներին հետաքրքրել։ Ինձ  օգնել է խմբագիրը, ես պատմում էի, իսկ նա ձայնագրում , հետո էլ  տեքստի վերածում»,-պատմում է Սամվել Սեյրանյանը։ 2017-ին  «Խավարից դեպի լույսի հույս» գիրքը տպագրելուց հետո խավարի դեմ պայքարը շարունակվեց նոր պրպտումներով ու նոր գյուտով․ մինի կրպակի հայտն արդեն մտավոր սեփականության գործակալությունում է․

«Կրպակը ինձ համար էի մտածել, որ անձրևի տակ չնստեմ։ Հետո էլ կարողանամ հավաքել ու մեքենայի մեջ տեղավորել։ Երբ հավաքում ես, մի փոքր ճամպրուկ է դառնում»։

Կրպակը ստեղծելիս ևս նա դիմել է մասնագետի օգնությանը, պատմում է․ «Ես զանգահարեցի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, ասացի, որ վիճակս այսպիսին է, խնդրեցի մի գծագրող ուղարկել։ Նա ուղարկեց երիտասարդ Ալբերտ Մաթևոսյանին, որի աշխատանքից ես շատ գոհ եմ»։

Մինի կրպակի գյուտը 65-ամյա  Սեյրանյանի ընդամենը հերթական նախաձեռնությունն է։ Մտքում արդեն նոր գաղափարներ կան։ Գաղափարները նրա պայքարի զենքն են ծերության, հիվանդության ու խավարի դեմ։ «Եթե երկու օր մտածեմ իմ հիվանդության մասին, երրորդ օրն ինձ տնից կհանեն»,-սև հումորի ժանրում, բայց շատ անկեղծ կատակում է համառության ու լավատեսության հրաշալի դաս տված զրուցակիցս։

Կարդացեք նաև

Back to top button