
Աշխարհում բժշկությունը առաջ է շարժվում, Հայաստանը պետք է կարողանա հետ չմնալ: Սա է վիրաբույժ Արա Վարդանյանի մասնագիտական սկզբունքը: Հայաստանի սահմաններից դուրս մեծ հաջողությունների հասած բժիշկը բռնել է հայրենադարձության ուղին և այժմ իր մասնագիտական գործունեությունը շարունակում է հայրենիքում:
Վիրահատությունը րոպեներ առաջ ավարտվեց: Այսօրվա վերջինն էր: Վիրահատությունը, որը Հայաստանում մինչև հիմա արվում էր բաց եղանակով, Արա Վարդանյանը կատարում է ընդամենը մի փոքր կտրվածքով: Օրվա ընթացքում առնվազն 3-ից 4 նմանատիպ վիրահատություն է կատարում: Չի սիրում, երբ հարցնում են՝ բա՞րդ էր արդյոք: Իր գործի վարպետի համար ավելորդ հարց է՝ կարծում է:
««Վտանգավորը» չգիտեմ ինչ է նշանակում: Վտանգավոր ու՞մ համար: Ի՞մ, թե՞ հիվանդի: Վիրաբույժը պետք է կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնել: Յուրաքանչյուր վիրահատություն էլ բարդ է: Վիրաբույժը ե՞րբ է գնում վիրահատության: Երբ կարող է և երբ վստահ է, որ լավ կանի այդ վիրահատությունը»:

Վարպետությունը նաև իրավիճակը ճիշտ գնահատելու մեջ է: Վիրաբույժը պետք է հասկանա, թե տվյալ իրավիճակում վիրահատության ո՞ր մեթոդին է պետք դիմել: Այստեղ ոչ պակաս կարևոր է նաև հիվանդի վստահությունը:
Հիվանդը, իհարկե, վստահելով է դիմում բժշկին: Բայց մինչ բժիշկն իր կարևոր և պատասխանատու վիրահատությունն է կատարում՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա, շատ հիվանդների հարազատներ միջանցքում աղոթում են ՝ հավատալով Աստծուն: Հաճախ հանդիպող իրավիճակ է՝ համաձայնում է զրուցակիցս: Լինում են դեպքեր, երբ բժիշկները նույնպես Աստծուն են ապավինում, թեև ոչ բոլորն են խոստովանում: Արա Վարդանյանը, իհարկե, նախընտրում է սեփական ուժերին վստահել, բայց վիրահատարան միշտ մտնում է՝ խաչը վզին:
«Խաչը հո գեղեցկության համար չէ՞: Այս խաչը հենց ինձ համար է: Լավ բան է հավատքը: Բայց Աստծուն խնդրել մի բան, որը դու 5 տոկոսով արել ես, իսկ մնացած 95 տոկոսը ուզում ես թողնել նրա վրա, սխալ է»:

Արա Վարդանյանը, իհարկե, իր գործի վարպետն է և երևի թե հենց դրանով է բացատրվում, որ երբեմն, նաև ելնելով իրավիճակից, հրաժարվում է որոշ վիրահատություններից:
«Իհարկե եղել է: Ապուշություններից ես միշտ հրաժարվում եմ: Եկել էր Մոսկվայից մի աղջիկ, որն ուզում էր նիհարելու վիրահատություն կատարել: Նա ընդամենը 90կգ էր: Այսինքն իրեն չի կարելի այդ վիրահատությունը: Ես այդ աղջկան բացատրում եմ, որ չի կարելի: Ես վստահ եմ, որ ինքը Հայաստանում կգտնի մեկին, որը կանի այդ վիրահատությունը: Ու նոր զանգել են ուրիշ հիվանդանոցից ու խնդրում էին, որ գնամ իրենց օգնեմ: Ես իրենց էլ զգուշացրի, որ հանկարծ չանեն: Դե չի կարելի, դա հանցագործություն է:Աստված չանի մի բան պատահի, քո խղճի առաջ, վերևում ու դատարանում քեզ հարց տվեցին, թե ինչու ես 90 կգ կնոջը կատարել այդ ագրեսիվ վիրահատությունը, դու կհայտնվես ապուշի կարգավիճակում: Լավագույն դեպքում կարող ես հայտնվել այն կլոր տեղում՝ բանտում, որը երևում է իմ պատուհանից: Ես միշտ պատուհանից նայելիս մտածում եմ, նոր եմ քայլ անում: Իհարկե գումարը գայթակղիչ է, բայց կյանքում պետք չէ սխալ անել: Ավելի լավ է հպարտ ձևով սխալ չանես, քան անես ու քեզ ոչնչություն զգաս»:

Մինչ շատերը ընտրում են Հայաստանից դուրս իրենց մասնագիտական հմտությունները կիրառելու ուղին, Արա Վարդանյանը 15 տարի Մոսկվայի լավագույն կլինիկաներում աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան՝ հայրենիքում հավատարիմ մնալու հիպոկրատի երդմանը: Հայրենադարձության ուղին սկսել է՝ «Էրեբունի» բ/կ նամակ ուղարկելով: Պատասխանը չի ուշացել: Բ/կ ղեկավարությունը սպասում էր նրան, իսկ ահա բժիշկը չի սպասում լույսը բացվելուն: Հենց նույն գիշեր էլ գնում է ինքնաթիռի տոմսը: Հայրենիք վերադառնալու ցանկությունը իրականություն է դառնում միանգամից ու Էրեբունի բ/կ է մտնում արդեն որպես ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար:




