ԿարևորՀասարակություն

Սա քաղաքացու կյանքի գինը չէ, այլ ընդամենը՝ աջակցություն

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում հաստատեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց՝ աջակցության ձևը և չափը, տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա կարևոր որոշում է, բայց բազմաթիվ նրբերանգներ ունի: «Այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում, մասնավորապես, սրանով չի որոշվում ՀՀ քաղաքացու կյանքի գինը և սա ընդամենը ձևակերպվում է որպես աջակցություն: Եկեք արձանագրենք, որ բավականին նուրբ վիճակում ենք, ինքս էլ ներգրավված և մասնակից եմ եղել այդ իրադարձություններին: Այստեղ կարևոր է, որ մենք ոչ թե էմոցիոնալ որոշումներ կայացնենք, այլ ճիշտ, բալանսավորված որոշումներ, ինչպես պատշաճ է ՀՀ կառավարությանը»,- ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ փոխհատուցման չափը որոշելու է ՄԻԵԴ-ը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում այս շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք:

Կարդացեք նաև

Back to top button