
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
1988թ-ի երկրաշարժից հետո Աշոցքում վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչների օթևան դարձան ռուս շինարարների համար կառուցված փայտաշեն երկահարկանի տները: Թաղամասը գտնվում է Աշոցքից քիչ հեռու բլրակի վրա, որը ստացել է Կոճոռ անվանումը: Կոճոռն ունի 20 երկհարկանի փայտաշեն տուն, շուրջ 700 բնակիչ: Փայտերը քայքայվում են, իսկ բնակիչները հույս չունեն երբևէ ապրել քարաշեն տներում

Եթե հաշվի առնենք Աշոցքի երկարատև ցրտաշունչ ձմեռն ու կարճատև տաք եղանակը, ապա կարելի է ասել միանման կառուցված փայտե երկհարկանի տներն էլ բնակիչների նման հերոսաբար դիմակայում են, ցրտին, քամուն, մինչև 1.5 մ հասնող ձյանը, ձնամրրիկներին, անձրևներին, բայց սկսել են քայքայվել.
«Տները բլած են արդեն, պոլերը լրիվ իջել են, պադվալները լրիվ ջուր, ապրելու ենթակա չեն: Բլել է, ժողովուրդն էլ հնարավորություն չունի, օր սարքե, աշխատանք չկա, շատերը թոշակառու չեն, նպաստով էլ ի՞նչ պտի սարքեն մարդիկ»:

Կոճոռի կամ Աշոցքի 3 թաղամասի բնակիչները շտապեցին ցույց տալ փայտե շքամուտքի հատակը, որը քայքայվել էր ու վտանգավոր դարձել հատկապես երեխաները համար:
Երկհարկանի տները ներքևից քայքայվում են նկուղներում լցված կոյաջրերի պատճառով, վերևից՝ էլ առաստաղներն են փլուզման վտանգի տակ: 7 ամիս ձմեռ, 5 ամիս մեղմ տաք եղանակ: Փայտաշեն տներում ամռան կեսին էլ հնարավոր է տեսնել երկաթե ծանր վառարաններ: Ամառվա կարճատև տաք ամիսներն օգտագործում են գոմաղբը չորացնելու և ձմռան վառելիք դիզելու համար:
Մայրանուշ Հակոբյանն ասում է, որ ձմռանը միայն աթար են վառում, փայտ չունեն, ձեռք բերելու հնարավորությունն էլ քիչ է: Զբաղվում են միայն անասնապահությամբ: Կոճոռի գոմերը քիչ հեռու են գտնվում, ձմռանն այստեղ հասնելը նույնպես խնդիր է:

Տանը 3 երեխա ունեն, վառարանը դեռ չէին հանել: Այստեղ այն զարմանալի չէ, վառարանները վառվում են նույնիսկ հունիս ամսին.
«Ժամանակ չկա, օր հանենք, ծանր է, 3-4 ամսվա համար ենք հանում (ծիծաղում է), մայիսի վերջին հանում ենք, սեպտեմբերին դնում: Բայց այս տարի էրեխեն քիչըմ հիվանդ է, երկար վառեցինք: Պեչքի զգացողությունից հոգնել ենք, կուզենք ազատվինք, բայց դե չի ստացվում: 2-3 ամսվա համար էլ ենք հանում, օր մենք էլ մեզ մի քիչ լավ զգանք, 3 ամիս հետո, սեպտեմբեին նորից դնում ենք,»:
Փայտաշեն տներում զգուշորեն են վարվում վառարանների հետ, յուրաքաչյուր անզգույշ քայլ կարող է հրդեհավտանգ լինել: Երկհարկանի տնակների բնակիչներն աթարը չորացնում են բակային հատվածներում և պահում շենքերի դիմաց երկաթից հավաքած մարագներում: Խիստ ձմռանը հաճախակի են սառում ջրագծերն ու կոյուղագծերը:

Կոճոռի փայտաշեն տնակները ժամանակավոր կացարաններ են, բայց բնակիչներին տրվել են բնակարանների սեփականաշնորհման վկայականներ: Բնակիչների մի մասն արդեն արտագաղթել է: Առաջին պատահած շենքում 8 բնակարաններից 5-ում էին ապրում:

Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանն ասաց, որ հարցը բարձրաձայնվել է վերին օղակներում. «Շահագրգռված է և՛ մարզպետը, և՛ պատգամավորները: Հարցը բարձրաձայնվել է նաև ԱԺ-ում, հուսանք ինչ-որ ծրագիր կարվի, տարածքային նախարարությունը հետաքրքրված էր գոնե հիմքը օգտագործենք քարաշեն տներ կառուցելու համար»:
Սա միայն առաջարկություն է: Կոճոռի երեխաների համար էլ լավ պայմաններ չկան, այգին, կարուսելը համայնքի կենտրոնում է, իսկ իրենց բնակավայրը կտրված տեղ է, ինքնուրույն չեն կարող գնալ: Ութամյա Ռուզաննան երաժշտական դպրոցի դաշնամուրի 2-րդ դասարանում է սովորում, ցանկանում է, որ թաղամասում կարուսելներ լինեն, խաղահրապարակ կառուցվի, նաև մանկական սրճարան բացվի:
Աշոցքի Կոճոռ թաղամասի երեխաների ցանկությունը մեծ չէ, հնարավոր է իրականանա, բայց քարաշեն բնակարաններում ապրելն արդեն երազանք է, քանի որ համայնքի սուղ բյուջեի միջոցներով հնարավոր չէ նույնիսկ նորոգել 20 երկհարկանի փայտաշեն տների տանիքները, ջրագծերն ու կոյուղագծերը:




