ԿարևորՀասարակություն

Դատաբժիշկները հուլիսի 25-ին կայցելեն Մանվել Գրիգորյանին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալը նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով:

Առողջական վիճակի պատճառով  Մանվել  Գրիգորյանն այսօր դարձյալ նիստին չէր մասնակցում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ  Նաիրի բժշկական կենտրոնի կողմից ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ:

Դատարան էր ներկայացել  պաշտպանական կողմից հրավիրված փորձագետ Լուսինե Մամիկոնյանը։ Նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությանը, որը պահանջել է մեղադրող կողմը, պետք է մասնակցեն ոչ միայն հայ, այլ նաև միջազգային փորձագետներ:

Դատարանը պարզաբանեց բժշկի իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացրեց կեղծ եզրակացություն տալու դեպքում նախատեսվող քրեական պատասխանատվության մասին:

Մեղադրող կողմը, սակայն,  պահանջեց, որ փորձագետը ներկայացնի իր մասնագիտական փորձը վկայող փաստաթուղթ: Նիստը հետաձգվեց  երկու ժամով, փորձագետը, սակայն, 2 ժամ անց  համապատասխան փաստաթղթերով չներկայացավ: Դատավորը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած   փորձագետին չեն կարող ներգրավել:

Որոշվեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված հանձնաժողովը ղեկավարելու է առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև Ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարությամբ. «Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր պաշտպանյալը՝ Մանվել Գրիգորյանը, ֆիզիկապես չի կարողանում մասնակցել դատական պրոցեսներին, և նման պայմաններում անձին պահել կալանքի տակ և սպասել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը, անթույլատրելի է»:

Պաշտպանի հայտարարությունից հետո դատավորը հայտարարեց, որ   հանձնաժողովը մտադիր է հուլիսի 25–ին այցելել Մանվել Գրիգորյանին: Դատական նիստի ավարտին Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ում    նույնպես մեղադրանքներ են առաջադրված, պատասխանեց լրագրողների հարցերին՝ մասնավորապես նաև իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցին։

«Դե, դատական պրոցեսը գնում է։ Եթե մեղադրող կողմն էդքան վստահ է, որ էդ ամեն ինչը ես  եմ կատարել , թող դատարանում ապացուցի»:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիս 30- ին:

Կարդացեք նաև

Back to top button