
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները այսօր բողոք-նամակ են փոխանցել Երևանի քաղաքապետարանին` ակնկալելով տեղեկանալ, թե ինչ քայլեր է նախատեսում քաղաքապետարանը աղբահանության խնդիրը լուծելու համար: Երևանցիներն արդեն մի քանի ամիս համբերատար սպասում են, իսկ քաղաքային իշխանությունը հորդորում է մի փոքր էլ սպասել, խոստումով, որ աղբահանության վատ վիճակը որպես վատ երազ կհիշենք:
Վերջին օրերին մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի, և այդ շոգին վատ կազմակերպվող աղբահանությունն էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
Աղբակույտերը սպառնում են համաճարակի աղբյուր դառնալ, իսկ քաղաքային իշխանությունները կարծես չեն շտապում: «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր առավոտյան բողոք-նամակ էին տարել Երևանի քաղաքապետարան:
«Մեզ համար շատ կարևոր է, թե ինչու է այսպիսի իրավիճակ ձևավորվել մայրաքաղաքում: «Սանիթեքը» մեղադրում է քաղաքապետարանին , որ անհիմն տուգանքներ է կիրառում, և այդ պատճառով ընկերությունը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ քաղաքապետարանն ամբողջ մեղքը բարդում է «Սանիթեքի» վրա: Հիմա հարց ենք ուզում տալ. ի՞նչ տուգանքների մասին է խոսքը, որ մի ընկերություն, որը լավ կամ վատ կատարում էր իր պարտականությունները, հիմա, ինչպես իրենք են հայտարարել, չի կարողանում նույնիսկ իր աշխատողների աշխատավարձերը փոխանցել»,- ասաց Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքի բնակիչներին չի կարող չհետաքրքրել այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների մասին է խոսքը, քանի որ ամեն ամիս բնակիչներն աղբահանության գումար են վճարում, փոխարենը չեն ստանում պատշաճ ծառայություններ: Կուսակցության նախագահը հիշեցրեց նաև քաղաքապետի նախընտրական խոստումները: Այն մասին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ:

« Մեկ տարի է անցել, ո՛չ կա երկրորդը, ո՛չ երրորդը, կա մեկը, որը չի կարողանում կատարել իր պարտականությունները: Մեր նամակի մեջ հստակ նշված է, եթե ընկերությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա քաղաքապետը չի կարծում, որ պետք է փոխարինվի այդ ընկերությունը: Եթե այդ տուգանքներն անհիմն են, ուրեմն այս վիճակը քաղաքապետարանի սխալ մենեջմենթի արդյունք է»:
Մինչ նամակի հանձնելը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից երկուսն արդեն Երևանում են: Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել, իսկ մնացածին սպասում են առաջիկա շաբաթների ընթացքում:
«Հաջորդ խմբաքանակը՝ երեք մեքենա, այստեղ կլինի այս շաբաթվա ընթացքում, Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ: Աղբի խնդիրն աստիճանաբար կմեղմվի։ Որոշակիորեն այն լարվածությունը, որն ունենք կմեղմվի, իսկ մայիսից ձեռք բերված 5 մեքենաներն աշխատում են երեք հերթափոխով, նույն տեմպով կաշխատեն նաև այս մեքենաները: Մինչեւ օգոստոսի կեսերը, կարծում եմ, այս մեքենաների թիվը կկրկնապատկվի և ամռան վերջ մենք նկատելի արդյունքներ կունենանք»,- նշում է Հակոբ Կարապետյանը:
Մինչև աշուն մյուս 16 մեքենաները ևս կլինեն Երևանում, և այս օրերի աղբահանության վատ վիճակը կհիշենք, որպես վատ երազ, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Հակոբ Կարապետյանը և համաքաղաքացիներին խնդրեց է ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակին եւ մի փոքր էլ զինվել համբերությամբ։




