ԿարևորՀասարակություն

«Եթե չլիներ Կոմիտասը, ես կնմանվեի թևատված արագիլի». Մոնթե

Գոհար Մարտիկյան
«Ռադիոլուր»

Խճապատ, դժվար հաղթահարելի այս ճանապարհը, որն այնքան խրոխտ ոտնահետքերի դոփյուն ու նաև թշնամական արկերի, ականների պայթյուն ու որոտ ունի հիշողության մեջ ամբարած՝ ինձ տանում է դեպի մի տուն, որտեղ անգամ պատերը, ծառերը, այգու միջով հոսող առուն է պահպանել Մոնթե Մելքոնյան հերոսի ձայնը՝ զարմանքով, զայրույթով, սիրով ու խրատներով լի։

Տունը՝ Արցախի Մարտունի քաղաքի Կոմիտաս Ավանեսյանի անվան փողոցում է, 6- րդ համարը։

Խունացող երկնագույնով պատած մետաղե դարպասի դուռը բացվում, ու նեղլիկ ճանապարհը տանում է դեպի այն տունը, որտեղ ծնվել ու հասակ է առել Արարատի ու Ռաիսայի երանելի որդին՝ Մոնթե Մելքոնյանի վարորդը, «աջ ձեռքը», ամուր պատնեշը, Մոնթեի պես ազնիվը, հայոց ազատագրական պայքարի նվիրյալը, Մոնթեի պես չխմող ու չծխող, ու նրա պես հմուտ հետախույզը՝ Կոմիտաս Ավանեսյանը։

Բացվող դռան մեղմիկ սահքից անակնկալի եկած կինը հանեց ակնոցը, ծածկեց գիրքը, որի մեծ մասն արդեն հասցրել էր կարդալ, դրեց ակնոցը բացված, մի կողմ դրված գրքի վրա ու բարեհոգի ժպիտով նայեց հյուրերիս։ Ռաիսան է՝ Կոմիտասի մայրը։ Պատմում է որդու եւ Մոնթեի՝ Ավոյի մասին եւ պատմությունները միախառնվում են:

…Վեհացնող հպարտությամբ խոսում որդու մասին Մայրը։ Նրա ձայնի մեջ չկա ողբ ու կական։ Իսկ պատմությունն արյունալի պատերազմում մարդկային դեմքը չկորցնելու մասին է, պատմություն, որը ժպիտ է առաջացնում ու նաեւ ընկալում, թե ինչպես պատերազմում մարդը կարող է մարդ մնալ:

Նա ժամից ավելի պատմեց որդու՝ դպրոցը գերազանցությամբ ավարտած, առաջին իսկ հայացքից Մոնթեի ուշադրությունը գրաված, հայրենի եզերքի պաշտպանությանն անմնացորդ նվիրված Կոմիտասի մասին՝ բոլոր մանրամասները շաղախելով Մոնթե հրամանատարի, Մարդու, հայրենասերի, ճշմարտության մարտիկի ու հայոց վերջնական հաղթանակի նվիրյալի մասին հուշերով։

Ավարտեց, նայեց մեղմ, ինքնաբավ ու երանելի ժպիտով և ամոթխած ավելացրեց. «Փոխանակ բալիս մասին պատմեի…»

…Իսկ Մոնթեն Կոմիտասի մասին ասել է. «Եթե չլիներ Կոմիտասը, ես կնմանվեի թևատված արագիլի»

Կարդացեք նաև

Back to top button