ԿարևորՔաղաքական

Սինգապուրյան խոլորձը կկրի Հայաստանի վարչապետի անունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սինգապուրի բուսաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել այդ երկրի ազգային խորհրդանիշը համարվող ծաղկի՝ «Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակի` Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անունով անվանակոչելու արարողությունը: Այսպիսի միջոցառումներ Սինգապուրում տեղի են ունենում ի պատիվ երկրի բարձրաստիճան հյուրերի և անվանի գործիչների:

Վերոնշյալ արարողակարգին Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը մեկ այլ խորհուրդ ևս ունի. «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձի տեսակը, որը հայտնի է նաև որպես «Սինգապուրյան խոլորձ» կամ «Ալոհա արքայադստեր խոլորձ», իր անվանումն ստացել է` ի պատիվ հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան), ով հայտնաբերել է այս ծաղկատեսակը: Ագնես Ջոակիմը (Աշխեն Հովակիմյան) ծնվել է 1854թ. ապրիլի 7-ին Սինգապուրում` Բարսեղ և Ուրելիա Ջոակիմների (Հովակիմյան) ընտանիքում:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվո հյուրերի գրքում: Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել այգով: Հայաստանի և Սինգապուրի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի ու Լի Սյեն Լունի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Սինգապուրի Հանրապետության ազգային պարկերի խորհրդի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Սինգապուրի Բուսաբանական այգին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Այգին ունի խոլորձների ամենամեծ հավաքածուն՝ 60 հազար տեսակ:

Այն կառուցված է Սինգապուրի խորհրդանիշ համարվող խոլորձ ծաղկի տեսքով և զարմացնում է իր այցելուներին բույսերի քանակով և տարատեսակներով: 2013 թ. Բուսաբանական այգին ճանաչվել է իբրև աշխարհի գլխավոր տեսարժան վայր։

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-9-ին Սինգապուրում է վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հասմիկ Դիլանյանի

Կարդացեք նաև

Back to top button