Carrefour- ի Հայաստան մուտքի խոչընդոտները կարող է ուսումնասիրվել


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սկսել է ուսումնասիրել առեւտրային բանկերում գրավադրվող անշարժ գույքի գնահատման հետ կապված խնդիրները: «Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները շաբաթվա վերջում կներկայացվի կառավարությանը»,- այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Իսկ մինչ հանձնաժողովն իր գնահատականները կներկայացնի, հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով շուկայում անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող տնտեսվարողների գործունեությանը, նշել էր, որ մեւնույն գույքը տարբեր գնահատողներ գնահատում են էական տարբերություններով:
Հանձնաժողովի բացահայտած չարաշահումներից մեկն էլ նույն տնտեսվարողի կողմից տարբերակված մոտեցման կիրառումն է մեծածախ եւ փոքրածախ առեւտրի ներկայացուցիչներին: Տարբերակված մոտեցումները թույլատրելի չեն, ընդգծում է Շաբոյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ Carrefour ընկերության հայաստանյան շուկա մուտք գործելու խնդիրներին:
«Բավարար տեղեկատվության դեպքում մեր հանձնաժողովը պատրաստակամ է զբաղվել եւ առեւտրային ցանցի մուտքի խոչընդոտները բացահայտել: Մենք սպասում ենք ընկերության ներկայացուցիչների առաջարկներին»,-ասաց Շաբոյանը:
Հանձնաժողովը վարույթ կսկսի այն դեպքում, երբ ունենա խնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն: Համապատասխան դիմում դեռ չի ստացվել, իսկ հանձնաժողովի տեղեկությունները սահմանափակվում են մամուլի հրապարակումներով:
Ավելի վաղ, հիշեցնեմ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել էր, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է Carrefour առեւտրային ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում, եւ նշել, որ պետական հատվածի հետ որևէ խոչընդոտ չկա: