«Հոնդան» արդեն ներկայացուցչություն ունի նաեւ Հայաստանում
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է «Հոնդա մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացչությունը: «Փնտրեցինք ու գտանք հուսալի գործընկեր- երկիր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հոնդա մոտոր» Եվրոպայի նախագահ Մանաբու Նիշիմայեն, ով միաժամանակ բացահայտել է նաև հայ սպառողներին գրավելու գաղտնիքները։
«Մեր հաճախորդներն աշխարհով մեկ, հուսով եմ նաև Հայաստանում, վայելում են որակը, վառելիքի խնայողությունը, ինչպես նաև վարելու մեծ հաճույքը»,- ասում է նա։
Ներկայացուցչություն բացելու համաձայնագիրը «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ մոտորս» ու ճապոնական «Հոնդա մոտոր» ընկերությունների միջև ստորագրվել է անցյալ տարի: «Գրանդ մոտոր» ընկերության տնօրեն, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Արա Նռանյանն է։
«Գրանդ հոլդինգն» ավելի քան յոթ միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր:
«Մենք նպատակ ունենք փոխել մեր սպառողների պատկերացումները և մեքենաների, և սպասարկման որակի նկատմամբ: Սկսում ենք հինգ ամենահայտնի մոդելներից, և այդ շարքը հետագայում ընդլայնվելու է: Համոզված եմ, որ հայ սպառողը համոզվելու է, որ ինքը հնարավրություն ունի ձեռքբերել ամենաորակյալ մեքենաները հենց այս կենտրոնից»,- ասում է Արա Նռանյանը։