Կարող ենք ապահովել տնտեսական 10 տոկոս աճ, ասում է տնտեսագետը
Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Տարեկան 5-7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումները մեր հնարավորությունների նվազագույն սահմանն են, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։ Իրականում կարող ենք ապահովել 10 տոկոս և ավելի աճ, եթե ճիշտ օգտագործենք ռեսուրսները, ասում է տնտեսագետը` նկատի ունենալով առաջին հերթին մարդկային, ապա հանքահումքային, արտադրական և ֆինանսական ռեսուրսները:
Նախընտրական շրջանին բնորոշ սպասումների փուլից այժմ պետք է տնտեսությունը մտնի զարգացման փուլ։ Դրա համար, ըստ Մանասերյանի, անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, նախ՝ կառավարության կազմում: Տնտեսագետը նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների ու առավել իրատեսական ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունն է շեշտում։
Թաթուլ Մանասերյանը սպասված ու կարևոր փաստաթուղթ է համարում կառավարության 2012-2025 թթ ռազմավարության նախագիծը, որը դեռևս քննարկման փուլում է: Այն փաստորեն գալիս է նաև պատասխանելու մինչ այս կառավարության հասցեին հնչող քննադատություններին, թե իրականացվող ծրագրերը կարճաժամկետ են, լայն հեռանկարի համար չգիտեն, թե ուր են տանում տնտեսությունը:
Մանասերյանը դրական ու կարևոր է համարում, որ փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են կայացած մասնագետներ և քաղաքացիական հասարակությունը, և որ այդ քննարկումները բավականին թափանցիկ են: Բայց նախագծում կան նաև լրջագույն խնդիրներ։ Դրանց վերաբերյալ դիտողություններ-առաջարկություններ Թաթուլ Մանասերյանը կներկայացնի: Հաջորդ շաբաթ, ասում է, քննարկում է սպասվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Տնտեսագետի դիտարկմամբ` Հայաստանի տնտեսության զարգացման մասին խոսելիս իհարկե պետք է հաշվի առնել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության զարգացումները, քանի որ մեր երկիրը դեռևես առավելապես ներկրման ուղղվածություն ունեցող պետություն է: