

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ից ծանուցում է ստացել՝ որպես վկա հարցաքննվելու վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հրապարակել է ի պատասխան դրա ՀՔԾ-ին ուղարկած նամակը, որտեղ նշվել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կլինի ոչ շուտ, քան հուլիսի 25-ը եւ վերադառնալուն պես պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին:
Երկրորդ նախագահը որպես վկա հարցաքննվելու է «Մարտի 1»-ի գործով:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն շեշտել է, որ որեւէ մտահոգություն չունեն: Այն ժամանակ, երբ որ փաստերը կպարզվեն, եւ ո՛չ միայն այս գործում, այլ նաեւ շատ այլ հարցերում, որոնք կապված են, օրինակ, ինչ-որ առասպելական ունեցվածքների հետ, հոկտեմբերի 27-ի գործերի հետ, հանրությունը մեծ զարմանք է ապրելու՝ հայտարարել է Վիկտոր Սողոմոնյանը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն այսօր հրապարակեց այն նամակը, որով պատասխանել են ՀՔԾ-ի՝ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննության կանչելու ծանուցմանը: Պատասխան նամակով երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ կվերադառնա ոչ շուտ, քան 2018 թ.-ի հուլիսի 25-ը:
«Երեւան վերադառնալուց հետո, Ռուբերտ Քոչարյանը պատրաստ է առկա պատասխանել ՀՔԾ քննիչի կողմից իրեն ուղղված հարցերին: Միաժամանակ, եթե մինչեւ 2018 թ.-ի հուլիսի 25-ը առաջանան անհրաժեշտ հանգամանքներ, ապա նախագահ Քոչարյանը պատրաստ է պատասխանել նախապես տրամադրված գրավոր հարցերին»:
Հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունեն, որ Ռոբեր Քոչարյանն այդ հարցաքննությունից հետո վկայի կարգավիճակից կարող է ստանալ կասկածյալի, ապա նաեւ մեղադրյալի կարգավիճակ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշում է.
«Մենք ընդհանրապես մտավախություն չունենք, որեւէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին»:
Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին հայտարարեց Մարտի 1-ի գործով նոր բացահայտման մասին։ Այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք առաջադրվեց Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Դատարանը որոշում է կայացրեց նրան կալանավորելու մասին:
ՀՔԾ-ի հաղորդմամբ. Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»։
«Համաձայն Միքայել Հարությունյանի ստորագրած հրամանի, Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց: Այդ կառույցի միջոցով իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ, որով Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր»:
Այս քրեական գործը միացվեց 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին, որի շրջանակներում է որպես վկա հարցաքննության կանչվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ երկրորդ նախագահին հարցաքննելու անհրաժեշտության մասին պարբերաբար խոսվել է, հատկապես ընդդիմադիրների կողմից: Ուշագրավ է, որ այս հարցը բարձրացրեց նաեւ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ թեմայով կազմակերպված ԱԺ լսումների ժամանակ: Նիկոյանն, ի դեպ, գլխավորել է, մարտի 1-ի գործն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը:
Վիկտոր Սողոմոնյանը շեշտում է, որ «Մարտի 1»-ի գործի մասին բարձրաձայնողները միտումնավոր բաց են թողնում Սահմանադրության այն բառերը, դրույթները, որոնք բացարձակապես օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին:
Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողությունները եղել են օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում եւ ցանկացած բացահայտում, որ կլինի օրենքների եւ ընդհանրապես տրամաբանության շրջանակներում՝ լինելու է Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ հավելում է Վիկտոր Սողոմոնյանը:
Երբ որ փաստերը կպարզվեն, եւ ո՛չ միայն այս գործում, այլ նաեւ շատ այլ հարցերում, որոնք կապված են, օրինակ, ինչ-որ առասպելական ունեցվածքների հետ, հոկտեմբերի 27-ի գործերի հետ, հանրությունը մեծ զարմանք է ապրելու՝ եզրափակեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:




