
Հայաստանի վարչապետն այսօր մեկնել է Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդիպելու համար: Ինչպես նախօրեին տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ՝ հանդիպումներ է ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։
Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ Հանդիպումների մի մասը վարչապետն արդեն ունեցել է:
Իշխանությունների նպատակն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ պետությանն ու երկրին հասցված վնասը վերականգնելը: Այսօր Գորիսում ասաց Նիկոլ Փաշինայնը: Նախ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորեց գորիսեցիներին, շեշտեց, որ դրա ընդունումից հետո 23 տարի անց իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Փաշինյանը մեղավոր է զգում, որ ապրիլյան քայլարշավի ժամանակ Սյունիք այցելել չի կարողացել, բացատրում է՝ եթե սկսեին Մեղրիից, ապա հիմա նոր Երևան կհասնեին: Սյունիքում վարչապետին ուղղված հարցերը շատ տարբեր էին՝ համայնքների խոշորացման խնդիրներից, մինչև ներդրումային ծրագրեր.
Փաշինյանը համաձայնեց այն դիտարկումների հետ, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է, հավաստիացրեց, որ նոր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության ՝ խոշորացման որեւէ գործընթաց ՀՀ-ում չիրականացնել:
Գործադիրի այլ ցանկությունների մասին էլ խոսեց, ասաց, որ պետք է ազատականացնել բիզնես միջավայրը: Մարդիկ պետք է մտավախություն չունենան, որ որեւէ մեկն իրենց ներդրումը կխլի՝ անձամբ երաշխավորեց բոլոր ներդրումների անվտանգությունը:
Իսկ համայքապետերի հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսեց կոոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի մասին, ասաց, որ այդ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ հանգամանքից ՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։ Վարչապետը այցելեց նաև Մեղրիի ազատ առևտրի տնտեսական գոտի:




