Խաղողագործների ակնկալիքը նոր կառավարությունից
Եթե իրավական դաշտը կարգավորի և խաղողագործին չխանգարեն, արդեն իսկ մեծ ներդրում կլինի` կարծում է Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Սա, ըստ էության, խաղողագործների՝ նոր կառավարությունից ամենամեծ ակնկալիքն է։ Ոլորտի առաջնահերթությունների ու բացթողումների մասին՝ ռեպորտաժում:
Բոլոր այն խաղողագործները, ովքեր ունեն պայմանագրեր խոշոր մթերող ձեռնարկությունների հետ, բնականոն աշխատում են, իսկ մյուս գյուղացիներն Աստծո հույսին են մնացել:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ այս խնդրին է անդրադառնում, սակայն մինչ օրս այն լուծում չունի: Մինչդեռ, խաղողագործների և վերամշակող կազմակերպության միջև փոխշահավետ համագործակցություն պետք է լինի:
Խնդիրների խնդիրը, սակայն, շարունակում է մնալ մաքուր խաղողի հումքն ու կոնյակի որակը, ասում է:
Արտակ Սարգսյանը լիահույս է, որ նոր կառավարությունը կամք կդրսևորի և խնդրին պատշաճ լուծում կտա: Ընդամենը մեկ քայլ է պետք , ասում է: Այնպիսի հարկային պարտավորություններ է պետք սահմանել, որպեսզի էժանագին սպիրտի ներմուծումը մատչելի չլինի:
Դե իսկ անհայտ ծագման էժանագին սպիրտով պատրաստվող կոնյակը, որը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, իսկապես առաջին հերթին հայկական կոնյակի անվան հետ է խաղում՝ համաձայնում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Խաղողագործների մյուս կարևոր խնդիրը խաղողի մթերման չափազանց ցածր գինն է՝ նկատում է Խաղողագործների միության նախագահը: Եթե խաղողը մթերվում է ինքնարժեքից ցածր գնով, նման պայմաններում ինչպես կարող է գյուղացին վարկառու լինել, անգամ երբ խոսքը 2-3 տոկոսի մասին է:
Այս պատկերն արդեն իսկ փաստում է, որ տարեվերջին նախորդ կառավարության հայտարարած տարեկան մթերված խաղողի ծավալների թիվը իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է այս տարվա ծավալներին, եթե երաշտ կամ այլ խնդիրներ չլինեն, խաղողագործների միության կանխատեսումներով առատ բերք է սպասվում: