

Հաղորդավար, ասմունքող, վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանն այսօր կդառնար 90 տարեկան: 1951 թվականից Հայաստանի ռադիոյի եթերում, նաեւ արտասահմանցի մեր ունկնդիրները լսում էին նրա հայտնի «Խոսում է Երեւանը»։
Ջերմ ու ընկերասեր. այսպես է Հանրային ռադիոյի մշակութային խմբագրության տնօրեն Օֆելյա Ասատրյանը հիշում հաղորդավար և ասմունքող Վերա Հակոբյանին: Սերունդների մեջ հայրենասիրություն դաստիարակող մշակութային գործիչ, գրի ու գրականության մունետիկ: Բնութագիրը կրկին Օֆելյա Ասատրյանինն է: Արևելահայ ու արևմտահայ գրականությունն աշխարհասփյուռ հայությանը, հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը ներկայացնելու համար ջանք ու եռանդ չէր խնայում: Քաղցրահունչ ձայնով էլ հուզում էր մարդկանց ներաշխարհը՝ ասում է:
«Հրաչուհի Ջինանյանը և Վերա Հակոբյանը երբ գնում էին արտասահման հյուրախաղերի , մեր սփյուռքահայ բարեկամները նախևառաջ խնդրում էին, որ արտասանեին մի նախադասություն, որը մոգական ուժ ուներ: Հայաստանի ռադիոյի Սփյուռքի համար տրվող հաղորդումներն սկսվում էին «Երևանն է խոսում» : Եվ այնտեղ գալիս էին հուզախռով տեսքով պատմում էին և ասում դե հիմա ասեք «Երևանն է խոսում»:
Երիտասարդներին ու երեխաներին իր գարունները համարող Վերա Հակոբյանի անձնական կյանքում դժվարություններ շատ են եղել, սակայն դա չի խունացրել նրա բեմական կյանքը: Դստեր` Կարինե Հակոբյանի մտապատկերում էլ է մայրը դրոշմված շրջապատի հանդեպ սիրով ու ջերմությամբ լցված, բարությամբ տոգորված անձնավորություն: Այդպես ջերմությամբ ու սիրով էր մինչև մահը, հիշում է Կարինե Հակոբյանը: Իսկ նրա մարդկային հատկանիշներն արտահայտվում էր բազմերանգ ձայնում:
«Երևանն է խոսում այդ բառակապակցությունը, որի տարածման և այդ ազդեցության համար նա մեծ դեր ունի, նաև իր ձայնի շնորհիվ է: Անաբացատրելի է այդ էներգետիկան, որ տարածվում էր նրա ձայնի միջոցով»:
Բոլորի հանդեպ ուշադիր, սակայն գրողներին առանձնահատուկ ուշադրությամբ շրջապատած Վերա Հակոբյանի համախոհների շարքում էին Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանն ու Պարույր Սևակը: Դուստրը հիշում է նաև նույն ընկերության մեջ հնչող դժգոհությունները:

«Հիշում եմ, որ Շիրազը միշտ դժգոհ էր, որ մայրիկս բավարար չափով չի ներկայացնում Դանթեական պոեմը, որը մի ժամանակ արգելված էր: Եվ շատ հետաքրքիր մակագրություններ կան, որտեղ նա մեղադրում է մայրիկիս, այդպես չափածո, սակայն միևնույն ժամանակ սրամիտ»:
Մինչև կյանքի վերջն էլ պոեզիան շուրթերին էր: Տարիների ընթացքում կատարած տիտանական աշխատանքի պտուղը՝ իր հետնորդների մեծ բանակն է:




