Հասարակություն

Դպրոցական պայուսակների ծանրության հարցը՝ «չլուծվո՞ղ»

Դպրոցներում սովորողների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության չափանիշները ամրագրված են առողջապահության նախարարի համապատասխան որոշմամբ։

Իրավական ակտը Հայաստանի ուսումնական հաստատությունների համար ներկայացնում է մեծ թվով պահանջներ երեխաների առողջ, անվտանգ ուսուցման համար։ Երեխաների դպրոցական պայուսակների ծանրության հարցը, որը ծնողներին շատ տանջող խնդիրներից է, նույնպես կարգավորվում է այս որոշմամբ։

Դպրոցական պայուսակների ծանրության հարցը որոշ ժամանակ առաջ բարձրացվել է նաև խորհրդարանում, երբ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը փորձարկել ու հայտարարել էր, որ 6-րդ դասարանի երեխայի պայուսակը կշռում է 5.2 կգ։ Ճիշտ այդքան է կշռում ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան ամրակցված 40 մմ-անոց նռնականետով՝ նռնակն էլ մեջը:

Առողջապահության նախարարությունը պարբերաբար ներկայացնում է աշակերտների օրական և շաբաթական ուսումնական ծանրաբեռնվածության չափանիշները, դասագրքերի և գրենական պիտույքներով լի պայուսակների քաշը: Ըստ այդմ՝ 1-ին, 2-րդ դասարանների սովորողների համար այն չպետք է գերազանցի 1,5 կգ, 3-րդ, 4-րդ դասարանների սովորողների համար՝ 2 կգ, 5-6-րդ դասարանների սովորողների համար՝ 2,5 կգ, 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ, 9-12-րդ դասարանների սովորողների համար՝ 4 կգ քաշը: Այս չափանիշներին ծանոթ է նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի համար:

Միևնույն ժամանակ՝ սա խնդիր է, որի լուծումը դեռ չի գտնվել: Եթե հարուստ երկրները փորձում են 2 բազա ստեղծելով խնդիրը լուծել, այն է՝ մի դասագիրքը մնա դպրոցում, 2-րդ օրինակը տանը, ապա մեր պետության համար դա լուծում չէ, քանի որ բավականին ծախսատար է։  Ծախսատար է նաև դասագիրքն ըստ թեմաների մանրացնելը, ասում է նախարար Մկրտչյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ ուսումնական ծանրաբեռնվածության եւ պայուսակների ավելորդ քաշի պատճառը նաև մի շարք առարկաներն են, որոնք վերջին տարիներին են ավելացել:

Միակ լուծումը թերևս տանը մոտ դպրոց հաճախելն է: Իսկ ովքեր էլ հեռու են ապրում, հիմնականում մեքենայով են տեղ հասնում: Թեև եթե հաշվի առնենք մարզային դպրոցները, այստեղ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ հաճախ դպրոցահասակ երեխաները ստիպված են դպրոց հասնելու համար գյուղից գյուղ անցնել ծանր պայուսակով։

Բայց արդյո՞ք դասագրքերի բովանդակությունը համապատասխանում է դրանց քաշին։ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ընդունում է, որ բացի առարկայական և դասագրքերի ծանրաբեռնվածությունից, նաև դասագիրք գրելու բավականին լուրջ խնդիր ունենք, ինչի լուծման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատում են:

Սերոբ Խաչատրյանն էլ իր դիտարկումն ունի։ Չունենք մասնագետներ, որովհետև չունենք ներդրումներ:

Դասագրքերի ստեղծման պրոցեսը, ըստ փորձագետի, ամբողջությամբ շուկայական դաշտ է տեղափոխվել: Հայտարարվում է մրցույթ, հրատարակիչները ստեղծում են թիմ և թիմով մասնակցում են: Մինչդեռ սա հասարակ մրցույթ չէ, իսկ դասագիրքն էլ հասարակ շուկայական ապրանք չէ, նկատում է զրուցակիցս: Դասագիրքն ինչ որ առումով նաև հանրային բարիք է և շատ ավելի պատասխանատու մոտեցում է պահանջում:

Կարդացեք նաև

Back to top button