

Ուղիղ մեկ շաբաթ հետո` ապրիլի 9-ին, հանրապետության նախագահի լիազորությունների ավարտի հետ, երկիրը հրաժեշտ կտա կառավարման կիսանախագահական համակարգին ու լիարժեքորեն կմտնի խորհրդարանական փուլ:
Անցման մեկնարկը տրվել էր 2015-ի սահմանադրական փոփոխություններով. նախորդող երկու տարիներին` Հայաստանն անցումային փուլում էր, իսկ այս շաբաթ արդեն՝ երկու համակարգերի անցման եզրագծին:
Հանրապետության նախագահի պաշտոնում այս տեքստը Սերժ Սարգսյանը 2013-ի ապրիլի 9-ին արտասանում էր երկրորդ ու վերջին անգամ: 91-ից ի վեր՝ Հայաստանի 3 նախագահներից յուրաքանչյուրը երդվել է երկու անգամ՝ պաշտոնը ստանձնելիս ընթերցելով երդման նույն տեքստը:
«Երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»։
Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես, ձեռքը Տիրամոր Ավետարանի ու Սահմանադրության մայր օրինակի վրա, պաշտոնը ստանձնելիս երդման տեքստ կարտասանի: Այն սակայն, նոր Սահմանադրությամբ փոքր ինչ կրճատվել ու վերախմբագրվել է: Հիմանական տարբերությունը, սակայն, ոչ թե երդման տեքստի փոփոխումն է, այլ այն, որ 4-րդ նախագահն առաջին անգամ կերդվի որպես խորհրդարանական հանրապետության նախագահ:
Որոշման նախագիծը, որի մասին խոսում է խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, ընդգրկված է ԱԺ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում: Ըստ դրա` հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին, մարզահամերգային համալիրում: Նոր նախագահը պաշտոնի ստանձնմամբ կավարտվի գործող նախագահի լիազորությունների ժամկետը: Ապրիլի 9-ից դե յուրե ու դե ֆակտո ուժի մեջ կմտնի կառավարման խորհրդարանական համակարգը:
Անցման մեկնարկը տրվել էր 2015-ի սահմանադրական փոփոխություններով, նախորդող երկու տարիների ընթացքում Հայաստանն անցումային փուլում էր:
Իրավական համապատասխանեցումների ամենաբուռն ու վերջնական փուլն այս տարվա հունվար- մարտ ժամանակահատվածն էր. խորհրդարանն առանցքային մի քանի տասնյակ նոր օրենքներով ու օրենսդրական հարյուրավոր փոփոխություններով համարյա ավարտեց անցումն ապահովող իրավական գործընթացը: Այն ընդդիմությունը կեղծ խորհրդարանական կամ սուպերվարչապետական համակարգի ստեղծում որակեց: Այս թեզն ամենաշատը վերջին ամիսներին խորհրդարանում շրջանառեց ընդդիմադիր «Ելք » խմբակցությունը:
Ընդդիմադիրների պնդումները չփոխեցին մեծամասնության դիրքորոշումը. ՀՀԿ-ն համաձայն չէ սուպերվարչապետական համակարգ ստեղծելու մասին գնահատականներին:
Քաղաքական բացարձակ պատասախանատվություն ունեցող վարչապետին, ինչպես ՀՀԿ ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն է ձևակերպում, ԱԺ-ն ընտրելու է շուտով: Արդեն հայտնի է, որ Հայաստանի 12-րդ, իսկ խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետի ընտրությունը ապրիլի 17-ին է:
Պաշտոնաական առաջադրումներ դեռևս չկան: Ի տարբերություն նախագահի, որի թեկնածությունը կարող էր առաջադրել պատգամավորների մեկ քառորդը, վարչապետի դեպքում առաջադրման իրավունքը խմբակցությանն է:
Ապրիլի 9-ից մինչև 16-ը ԱԺ խմբակցություններն կարող են վարչապետի թեկնածու առաջադրել, բայց որպեսզի նա ընտրվի անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Ի տարբերություն նախագահի փակ-գաղտնի ընտրության՝ վարչապետի ընտրությունը բաց է ու անվանական:




