

Հայ գրողներին գերմաներենով թարգմանելու մի շարք նախաձեռնություններ են եղել, ներկայացվել են տարբեր ժամանակների գրողներ:
Իսկ այժմ արդեն տպագրության է ուղարկված երկլեզու անթոլոգիա, որտեղ ներկայացված են մինչ օրս չթարգմանված հայ բանաստեղծներ։ Անթոլոգիայի շնորհանդեսը Երեւանում կկայանա մայիսին:
«Ռադիոլուրը» զրուցել է գրքի թարգմանիչ Վանուհի Վահանյանի ու ավստրիացի հրատարակիչ Ռեգինա Հիլբերի հետ ու փորձել պարզել՝ ինչո՞վ է հայ արդի ստեղծագործողը հետաքրքիր գերմանախոս լսարանին, ու հե՞շտ է արդյոք հայերեն ձեւակերպումներն ամփոփել գերմաներեն համարժեքով:
« Zum Schreiben brauche ich keine Augen
sondern die innere Sehkraft
als schriebe man ohne Finger
als träume man einen fernen Traum……….. »
«Ինձ աչքեր պետք չեն գրելու համար,
Այլ պետք է ներքին մի տեսողություն,
Երբ դու գրում ես առանց մատների,
Երբ տարաշխարհիկ երազ ես տեսնում,…
Գերմանաբնակ գրող, թարգմանչուհի Վանուհի Վահանյանն է կարդում: Թարգմանել է ժամանակակից գրող Հրաչյա Թամրազյանին ու ոչ միայն: Հայ արդի 15 ստեղծագործողներ՝ «Արդի հայ քնարերգություն Երևանից Ծաղկաձոր» գրքում: Սա իր տեսակի մեջ առաջինն է՝ ասում է Վանուհի Վահանյանը:
«Առաջնահերթ էր արդի երիտասարդ պոետների ու բանաստեղծուհիների ստեղծագործությունների թարգմանումը: Փաստորեն, մինչ այժմ անընդհատ նույն հեղինակներն են կրկնվել»:
Հայերենն ու գերմաներենը տարօրինակ կերպով համակցված են՝ նկատել է Վանուհի Վահանյանը՝ հայ ստեղծագործողներին գերմաներենով թարգմանելիս:
«Դա կարելի է կապել եւ լեզվի հարստության, եւ լեզվի տված հնարավորությունների հետ: Այսինքն՝ սա ինձ համար կարծես երկխոսություն լինի երկու համարժեք լեզուների միջեւ»:
Արդյո՞ք հայ ստեղծագործողները գոնե որոշ չափով ճանաչելի ու ընկալելի են գերմանախոս հասարակության մոտ՝ հետաքրքրվում եմ զրուցակցիցս:

«Չեմ ուզում հիասթափեցնել, բայց կասեի՝ ոչ: Մի քիչ կատեգորիկ է հնչում, բայց իրապես էդպես է»:
Ժամանակակից գրականությունն ընթերցողին հասցնելը նաեւ կոմերցիոն խնդիր է, ներկայացնելու հարց: Եւ այստեղ բախվում ենք տարբեր «բայցերի»՝ ասում է գրող, թարգմանչուհի Վանուհի Վահանյանը:
«Մենք հրաշալի հայ արձակ ունենք, ոչ պակաս, քան Մարկեսը եւ մյուսները: Առանց վախենալու եմ ասում, բայց չկա բնագրից համարժեք թարգմանություն: Այսօր որեւէ մեկը Աղասի Այվազյան, Հրանտ Մաթեւոսյան չի կարող կարդալ բնագրից թարգմանված»:
Ավստրիացի գրող, հրատարակիչ Ռեգինա Հիլբերը թվարկում է այն անուններից մի քանիսը, ովքեր թարգմանվել են գերմաներենով:
«Արտեմ Հարությունյան, Սոնա Վան, Աշոտ Ալեքսանյան»:
Արդի հայ քնարերգության մեջ ամենահաճախ հանդիպողը հայրենիքի թեման է ու հայրենազրկությունը՝ նկատում է Ռեգինա Հիլբերը: Երկու անգամ հրավերով այցելելով Հայաստան ու հայտնվելով գրական միջավայրում՝ զրուցակիցս հասկացել է՝ հետաքրքիր երկրի գրականությունն էլ կարող է հետաքրքիր լինել ու հստակեցրել իր անելիքը:
« Ինձ համար կարեւոր էր Ավստրիայում եւ Եվրոպայում ցույց տալ՝ ինչ է անում Հայաստանն այսօր, ինչ են անում հայերը ներկայում՝ գրականության մեջ: Ընտրված և թարգմանված բանաստեղծների մեջ կան շատ երիտասարդներ՝ 20-ից փոքր-ինչ բարձր տարիքի: Կան նաեւ տարեցներ: Սա նաեւ սերունդների հետաքրքիր «խառնուրդ» է»:
Գերմանաբնակ բանաստեղծուհի Վանուհի Վահանյանի հետ Ռեգինա Հիլբերի գործակցությունը ծնունդ է տվել Գերմաներեն-հայերեն երկլեզու անթոլոգիային: Հայերեն ժամանակակից ստեղծագործողները թարգմանվել են գերմաներենով ու «Արդի հայ քնարերգություն Երևանից Ծաղկաձոր» խորագրով գրքի տեսք ստացել՝ ուղղված գերմանախոս ողջ միջավայրին: Ռեգինա Հիլբերը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝
«Այն մոտիվները, որոնք շարունակ հանդիպում են շատ հայ բանաստեղծների մոտ, որոնց ստեղծագործությունները մենք մեկտեղել ենք այս գրքում, հայրենիքի եւ միաժամանակ հայրենազրկության մոտիվներով են: Սա շատ բնորոշ է նաեւ այս գրքում ներկայացված բանաստեղծություններին»:
Վանուհի Վահանյանը խոստանում է՝ հաջորդիվ կենտրոնանալու է հայ արձակի թարգմանության վրա, միայն թե աջակիցներ գտնվեն՝ ասում է, մեծ պրոեկտ կլինի: Ռեգինա Հիլբերի առաջիկա ծրագրերը եւս կապված են արձակի հետ: Իսկ մինչ այդ՝ այս մայիսին արդեն Երեւանում կներկայացվի հայ ստեղծագործողը նոր ներկայացմամբ։ Գերմանախոս միջավայրում՝ եւս:




