Հասարակություն

Հայերի խոսքը Նիդերլանդների «պոլիտիկի» մեջ առավել լսելի է

Նիդեռլանդներում հայերը սկսել են շատ ավելի ակտիվ լինել ու քաղաքական որոշումների կայացման վրա ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը:

Ասվածը Մաթո Հախվերդյանը փաստում է այդ երկրում օրեր առաջ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով. 3 քաղաքի ղեկավար կազմում արդեն 3 հայ ներկայացուցիչ ունի: Ընդ որում՝ առաջադրված մեկ տասնյակից ավելի հայերն էլ բավականին լայն ճանաչում ու համբավ ունեն ոչ միայն հայ համայնքում ու ոչ միայն հայկական ծրագրերով:

Ինչպես են ապրում հայերը Նիդեռլանդներում, ինչպիսին է նրանց քաղաքական ու գործնական ծրագրերի օրակարգը, ու ինչու մեր հայրենակիցներից ոմանք խուսափում են Հայաստանում ներդրումներ կատարել:

 

Նիդերլանդների պետական քաղաքականության դռներն այսօր ավելի բաց են հայերի առաջ:  Սա ոչ միայն երկրի ընդհանուր մոտեցումն է, այլեւ հայերի շահած վստահության արդյունքը:

Վերջին տեղական ընտրություններում 3 հայ է ընտրվել, նախորդում հայերը երկուսն էին: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանի խոսքով՝ սա նախ նշանակում է հայերի ներգրավում տեղական քաղաքական գործունեության մեջ ու առաջընթացի նոր հնարավորություն, մյուս կողմից՝ հայերին առնչվող ծրագրերի շեշտադրում: Նիդեռլանդներում որոշ այլ փոքրամասնություններ եւս ակտիվացել են, հատկապես թուրքերը փորձում են պետական տարբեր կառույցներում ներկայացուցիչ ունենալ:


«Իսկ հայերն այս տեսակետից ավելի խելամիտ են, ավելի կրթված են  եւ բնական է, որ նրանք էլ ներգրավվեն քաղաքական գործունեության մեջ ու ակտիվանան»:

Նիդեռլանդներում հայերին առնչվող ծրագրերից Հախվերդյանն առանձնացնում է Ցեղասպանության ճանաչման եւ փախստականների հարցերը, հակահայկական տրամադրությունների բացահայտումը, դրանց կանխումը:

«Տեղական իշխանություններում ներկայացված մարդիկ կարող են օգնել, հայանպաստ աշխատանքներ կատարել»:  

Նիդեռլանդներում շուրջ 20 հազար հայ կա: Թիվը հստակ չէ հատկապես սիրիահայերի հոսքից հետո: Այստեղ մեծացած,  կրթություն ստացած հայերն ավելի հեշտ են ներգրավվում քաղաքականության մեջ:  Զրուցակիցս փետրվարին Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը մեծապես պայմանավորում է հենց հայերի ազդեցությամբ: Որոշումը մեկ քայլ առաջ է՝ ասում է, երկիրն արդեն պաշտոնապես՝ նախարարի մակարդակով պիտի մասնակցի Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Սակայն հայ համայնքն իր առջեւ դեռ մի խնդիր ունի դրած՝ հասնել փաստաթղթի վերանայման:

«Դրանում չի ասվում «Հայոց ցեղասպանություն», այլ ասվում է «Հայոց ցեսղասպանության հարց»: Սա մեզ համար ոչ միայն անընդունելի է, այլեւ վիրավորական: Եթե ասում են հարց, ուրեմն դա իրենց համար դեռ հարցական է»:

 Հայ-հոլանդական տնտեսական, գործարար ծրագրերն էլ քիչ չեն: Բայց ավելի շատ են դրանց հնարավորությունները՝ նկատում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահը: Նոր դեսպանն էլ նոր խոստումներ է ներկայացրել: Կարտոֆիլի սերմացուի, ձկան կերի ներմուծումից մինչեւ այլ խոշոր ծրագրեր բիզնես-օրակարգում են: Բայց Հայաստանի հանդեպ վստահության խնդիր կա՝ հոլանդահայերի մտահոգությունն է փոխանցում Հախվերդյանը:

«Որոշները՝ այո, որոշները գալիս են, հիասթափվում են: Տարբեր հանգամանքներ կան: Բայց կան մարդիկ, ովքեր Հայաստանի հետ տարիներով աշխատում են»:

Իր առաջիկա ծրագրերով «Ռադիոլուրի» հետ կիսվում է նաեւ Ամստելվին քաղաքի ավագանու անդամ ընտրված Տավրոս Ասլանյանը: Ցեղասպանությունը «Դեմոկրատներ 66» կուսակցության կողմից դրա հայ անդամի շնորհիվ նոր շեշտադրում է ստացել: Զրուցակիցս համոզված է՝ հայերն արդեն քաղաքական որոշումների կայացման գործում ավելի մեծ ազդեցություն ունեն:

«Առաջիկայում այդ ազդեցությունն ավելի մեծ կլինի, քանի որ արդեն 3 ներկայացուցիչ ունենք ավագանիում»:

Քաղաքականության մեջ իր հաջողությունն արձանագրող Տավրոս Ասլանյանը 27 տարեկան է: Ավագանու անդամ ընտրվում է արդեն երկրորդ անգամ: Ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքի հետ տեղափոխվել Նիդեռլանդներ: Հայերեն չի կարդում, բայց խոսում է վարժ ու կարեւորում՝

« Մենք տանը միշտ հայերեն ենք խոսում: Դա իմ ծնողների համար շատ կարեւոր է: Ինձ համար էլ է կարեւոր, եւ ես կուզենայի, որ վաղը, մյուս օրը իմ երեխաներն էլ հայերեն խոսեն»:

Հայերի խնդիրներից խոսելիս դժվարանում է առանձնացնել լուրջ հարցեր: Լեզվական, մշակութային տարբերություններն են երբեմն խանգարում: Բայց հայերը հեշտ համակերպվող են՝ նկատում է:

Հե՞շտ է արդյոք լինելով հայ Նիդեռլանդներում մտնել քաղաքականություն՝ հետաքրքրվում եմ:

«Հեշտ չէ, մեր պապերը այստեղ ավագանի չեն եղել, կամ «պոլիտիկի» մեջ նստած չեն եղել, որ մենք էլ կարողանանք հեշտ ու հանգիստ մտնել քաղաքականության մեջ»:

Հայաստանում Տավրոսը հաճախ է լինում, մշտապես  համեմատում, զարմանում այստեղի ու այնտեղի հարսանիքների տարբերության վրա ու ոչ միայն:

«Ես հոլանդացիներ եմ տարել հետս հայկական հարսանիք, շշմել են»:

Տարիքով հոլանդացիները ճանաչում են Հայաստանը, գիտեն: Երիտասարդները՝ ոչ՝ նկատում է զրուցակիցս: Ժամանակն է մասնավորապես նաեւ զբոսաշրջության ծրագրերին նոր թափ հաղորդել: Մի շարք այլ ծրագրերում էլ ինքն իր ջանքերն ու ազգությունը կներդնի:

Կարդացեք նաև

Back to top button