

Շիրակի պետական համալսարանում ռեկտոր Սահակ Մինասյանի և դասախոսների միջեւ լարվածությունը վերածվել է բաց հակամարտության: Դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը բարձրաձայնում են ռեկոտրի ապօրինությունների մասին։
Ռեկտորը մարտի 14-ին աշխատանքից ազատել է դասախոսներին: Համալսարանի ուսխորհրդի նախագահը Արման Մելիքյանը հայտարարում է դասադուլի մասին, իսկ կրթության եւ գիտության նախարարը պատրաստվում է մասնակցել համալսարանի կառավարման խորհրդի նիստին։
Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի շուրջ ամիսներ շարունակվող աղմուկը նոր երանգներ է ստանում։ Մարտի 14-ին համալսարանի դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանն ազատել է աշխատանքից։ Դասախոսները երկար ժամանակ խոսում են ռեկտորի, իրենց բնորոշմամբ, ապօրինությունների մասին։ Դասախոսներն աշխատանքից ազատվում են ԱԺ կրթության հանձնաժողովի անդամների բուհ այցելելու օրը։ Այցից հետո հանձնաժողովի նախագահը Վարդան Բոստանջյանը հայտարարել էր, որ դասախոսների բարձրաձայնած հարցերը համապատասխանում են իրականությանը։
Բողոքը, մասնավորապես, փետրվարի 13-ին բուհի որոշ ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություններին է վերաբերում։
Ըստ դասախոսների՝ ռեկտորը խախտել է 2017 թվականին կառավարության կողմից հաստատված բուհի կանոնադրությունը, ըստ որի՝ դեկանների ընտրությունը կատարվում է ֆակուլտետային խորհուրդներում և նաև գիտական խորհրդում փակ գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի հավաքած թեկնածուն: Սահակ Մինասյանը, սակայն, ըստ դասախոսների, ընտրությունների օրը գիտխորհրդի ժամանակ փոփոխել է բուհի կանոնադրությունը։
«Այսինքն այն ինչ որ մենք բարձրաձայնել ենք, ինքը փոփոխել է և ներկայացրել անճշտություններ: Պարոն Մինասյանը, կոպտորեն խախտելով այս կետերը, դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունը կազմակերպել է բուհի գիտական խորհրդում»:
Ընտրություններից հետո համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն անգամ հայտարարեց անժամկետ հացադուլ: Նույն համալսարանի դասախոսները ընտրությունները բեկանելու պահանջով դիմեցին վարչապետին և կրթության նախարարին: Գերատեսչությունից նույն հարցի վերաբերյալ ստացել են երկու տարբեր պատասխան: Նախարարության մեկ պատասխանի մեջ հղում է արվել կառավարության հաստատած կանոնադրությանը, իսկ մյուս նամակում հղում է տրվել 2017 թվականի ապրիլին գիտխորհրդի նիստում հաստատված Շիրակի պետական համալսարանի դեկանի ընտրությանը:
«Մենք պահանջում ենք հարգել օրենքը, հարգել բուհի կանոնադրությունը: այսինքն ֆակուլտետային խորհրդում պետք է տեղի ունենար ընտրություն և այդ ընտրությունը վերահաստատվեր բուհի գիտական խորհրդում: Կարող է բուհի գիտական խորհրդում այդ թեկնածուները չանցնեին»:
Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հորդորում է բուհի կայքից ծանոթանալ գիտական խորհրդի որոշումներին: Իսկ ուսանողների հայտարարած դասադուլի մասին շեշտում է՝ նորություն չէ, որ ուսանողներին օգտագործում են անձնական շահերի համար:
Ռեկտորը դասախոսներին խորհուրդ տվեց դիմել դատարան, եթե ոտնահարվել են իրենց իրավունքները:
Մարտի 24-ին Շիրակի պետհամալսարանում նախատեսվում է կառավարական խորհրդի նիստ։ Ազատված դասախոսները դժգոհեցին, ընդլայնված նիստին քննարկելու են իրենց հարցն առանց իրենց: «Այսինքն մեզ միտումնավոր ազատեց գործից, որ մենք այնտեղ չգտնվենք»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր նշեց, որ աշխատանքային հարաբերությունները աշխատանքային ձևաչափով կկարգավորվեն:
«Շաբաթ օրը ժամը 2-ին մեծ խորհրդի նիստն է գիտխորհրդի հետ միասին բոլոր խնդիրները կանենք, որը որ աշխատանքային հարաբերություն է, աշխատանքային ձևաչափով կկարգավորվի: բողոքող ուսանողներին էլ կլսենք»:
Դասախոսները ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում են նաև բուհի բյուջեի փոշիացման մեջ: 2500 ուսանող ունեցող Շիրակի պետական համալսարանի ռեկտորը ստանում է 700 հազար դրամ աշխատավարձ, եւս 85 հազար դրամ որպես դասախոս։Մինչդեռ 20 հազար ուսանող ունեցող Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատավարձը 800 հազար է, ուսում է Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ Շիրակի համալսարանի ռեկտորդը մյուս դասախոսներին վճարել է դրույքաչափով, հետագայում փոփոխել է այն, որպեսզի կրճատի աշխատավարձերը:
«Սա բուհի գումարների փոշիացումն է, որին նախարարությունը որևէ կերպ չի արձագանքում»:
Ազատված դասախոսները պատրաստվում են դիմել դատարան:




