

Որքանով է Ազգ-բանակ հայեցակարգը հանրության համար ընկալելի. հարցն այսօր քննարկում էին փորձագետներն ու սոցիոլոգները։ Շեշտել են, որ, ի տարբերություն մյուս պետական ինստիտուտների, հանրության մոտ այս ծրագիրն է ավելի հաջող ընկալվել:
Հայաստանի բնակչությունը բանակի նկատմամբ ավելի մեծ վստահություն ունի, քան պետական մյուս ինստիտուտների նկատմամբ՝ փաստում է սոցիոլագ Սյուզաննա Բարսեղյանը։ Սա ցույց են տվել հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների անցկացրած հարցումները։ Այդուհանդերձ, սոցիոլոգն արձանագրում է, որ սոցիալական հարցերն ավելի են կարևորվում հանրության մոտ, քան բանակի խնդիրները։

Սրան զուգահեռ Սյուզաննա Բարսեղյանը նկատում է, որ բանակի կարևորությունը հանրության շրջանում ավելի է շեշտվում, քան օրինակ ժողովրդավարական արժեքների անհրաժեշտությունը, ինչն անշուշտ սխալ է, քանի որ իսրայելական օրինակին հետևելով պետք է ընդօրինակել նաև, թե ինչպես են այդ երկրում հավասարակշվում մյուս արժեքները ևս՝ ասում է սոցիոլոգը։ Հենց այդ արժեքների հավասարակշռման արդյունքում է, որ վեր են հանվում նաեւ բանակում կոռուպցիոն երեւույթները։
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը նախորդ տարվա վերջին երեք ամսվա հետազոտության տվյալները հիմք ընդունելով պարզաբանում է, որ մեդիա On-line հարթակում Ազգ-բանակ հայեցակարգն ավելի բազմազան է ներկայացվել, քննակրումներին շատ տարբեր մասնագիտության տեղ մարդիկ են մասնակցել: Նա, սակայն, ընկալումների առումով միանշանակ գնահատական չտվեց: «Ընկալումները շատ տարբեր են եղել, չենք կարող ասել միանշանակ դրական կամ բացասական: Ձնագնդի էֆեկտով են զարգացել»,- ասում է:

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ հասարակության մոտ «Ազգ-բանակ» հայեցակարգը բավականին դրական է ընդունվել, շատ ավելի, քան մյուս նախաձեռնությունների դեպքում:
Բավարարվել եղածով քիչ է, հետևողական աշխատանք է հարկավոր, պետք է մտնել յուրաքանչյուր ընտանիք ու ամենօրյան աշխատանքի արդյունքում մասնակից դարձնել բանակի խնդիրներին յուրաքանչյուրին՝ ասում է քաղաքագետը: Միայն սոցիալական ցանցերում քննարկումները բավարար չեն, հանրության հետ խոսել է պետք՝ վստահ է:




