Տնտեսական

Ներմուծումը՝ տեղականով փոխարինել. թանկացման դեմ բանաձեւն է


Ինչպե՞ ս պայքարել թանկացման դեմ: Հիմնական շեշտադրումը հետևյալն է՝ ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով:

Մեկ տարի առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց՝ մրցունակ դարձնենք տեղական արտադրանքը՝ կիրառելով շուկայական մեխանիզմները։

Պետության որդեգրած քաղաքականությունը «Ռադիոլուր»-ին է փոխանցել տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Շինարարական ամրաններ, մեքենաներում տեղադրվող գազի բալոններ, բժշկության մեջ կիրառվող կպչուն ժապավեններ, թռչնամիս… Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներկայացուցիչը թվարկում է այն ապրանքները, որոնց արտադրության համար կառավարությունը տնտեսավարողներին արտոնություններ է տրամադրել:

Նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը նշում է՝ աջակցում են տեղական արտադրողներին.
«Ներմուծման փոխարինումն այժմ դիտարկում ենք որպես արդյունաբերության զարգացման ներուժ: Օգտագործել տեղական շուկայի հնարավորությունները և փորձել ռեսուրսները հետագայում ուղղորդել արտահանմանը»:

Թեթև արդյունաբերությունում առաջընթացն ակնհայտ է՝ ասում է զրուցակիցս ու նշում՝ գուլպեղենի շուկայում տեղական արտադրանքն է գերակշռում: Թռչնամսի արտադրության ուղղությամբ նույնպես աշխատում են: Զրուցակիցս ընդգծում է՝ վեր են հանել ապրանքային խմբերը, որոնք կարող են մրցունակ դառնալ։ Դրանք գյուղատնտեսական մթերքներն ու ջերմոցային տնտեսությունն են:

Ընդհանրապես՝ խրախուսվում է նոր տեխնոլոգիաներով սարքավորումների ներկրումը: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնում ուսումնասիրել են խնդիրը։

Թե ինչ են պարզել՝ փոխանցում է կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Գոնե առաջին անհրաժեշտության տասը ապրանքների գծով՝ հացամթերք, թռչնամիս, տավարի, խոզի միս, կաթնամթերք, ՀՀ կարող է լինել ամբողջովին ինքնաբավ, կամ գերազանցապես ինքնաբավ»:

Տնտեսագետն ասում է, որ ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելը պետական քաղաքականություն է ավելի քան տասը տարի, նորություն չէ: Մանասերյանի խոսքով՝ լրջագույն խնդիրներից մեկը ոչ այնքան ներմուծման փոխարինման քաղաքականությունն է, այլ այն, որ ՀՀ-ում պետական կառավարման համակարգում ընդհանուր առմամբ բացակայում են պատասխանատվության ու հաշվետվողականության ինստիտուտները.

«Պետական կառույցները թերանում են կատարել իրենց առջև դրված պարտականությունները: Ուզում ենք հատկապես սոցիալ- տնտեսական արդյունավետ քաղաքականություն իրակնացնել։ Այն պետք է հստակ լինի՝ ժամկետի ու անձերի պատասխանատվության: Պետք է հստակ նշի նաև, թե այդ կառույցի ղեկավարը ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը ընդգծում է՝

«Ամենևին նպատակը այն չէ, որ 100 տոկոսով փոխարինենք տեղական արտադրանքով ներմուծվողը, քանի որ աշխարհում նման բան չկա: Կլինեն իհարկե որոշ ապրանքներ, որոնք կներկրենք ՝ հաշվի առնելով նաև սպառողի պահանջարկը»:

Որպես օրինակ գարեջուրն ու սիգարետն է մատնանշում. և ներկրում ենք, և արտադրում:

Կարդացեք նաև

Back to top button