ԿարևորՀասարակություն

Հարության տաճարը փակ կմնա, մինչեւ չկատարվեն պահանջները


Սուրբ Հարության տաճարի դռները երեկվանից անորոշ ժամանակով փակվել են հավատացյալների առաջ։

Այս կերպ Երուսաղեմի երեք իրավատեր համայնքներն իրենց բողոքն են արտահայտել քաղաքային իշխանությունների հարկային նոր քաղաքականության դեմ։

«Ռադիոլուրն» է լսել իսրայելյան եւ հայկական կողմերին:

 

Նախօրեին աննախադեպ որոշում կայացրեցին Երուսաղեմի երեք իրավատեր՝ հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիները: Հենց Հարության տաճարի դռների առջեւ հավաքված հավատացյալների եւ ԶԼՄ-ների ներկայությամբ հոգեւոր հայրերը ընթերցեցին համատեղ հայտարարությունը.

«Բողոքում ենք Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով հրահանգված է քրիստոնյա համայնքներին վճարել քաղաքապետարանին հարկ եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնյա համայնքները դարեր շարունակ ազատված են եղել: Եվ բողոքում ենք Քնեսետում առաջարկված օրինագծի դեմ, որով պետությանը իրավունք է տրվելու բռնագրավել եկեղեցապատկան այն կալվածքները, որոնց վարձակալությունը կտրվեն  անհատ ձեռներեցների եւ չեն վավերացվի Քնեսետի կողմից: Տաճարը կմնա փակ մինչեւ Հոգեւոր պետերը հանդես կգան նոր հայտարարությամբ»։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, տեղյակ լինելով Իսրայելի իշխանությունների հարկային քաղաքականության նոր ընթացակարգերին, փաստում է, որ այս կերպ անկանխատեսելի հետեւանքներ ենթադրող որոշում է կայացվում՝ հարկեր սահմանելով եկեղեցիների եւ վանքերի համար, որից դարեր շարունակ ազատված են եղել Սուրբ հողի երեք իրավատերերը:

«Եկեղեցիներն ունեն շահութաբեր կալվածքներ, որոնք տրված են վարձակալությամբ, որոնք շահութաբեր շենք-շինություններ են, դրանց համար հարկեր վճարվում են, բայց կոնկրետ եկեղեցիները ազատված են եղել հարկերից։ Այս որոշմամբ՝ քաղաքապետարանը որոշում է եկեղեցիների եւ վանքերի համար էլ հարկեր եւ տուրքեր վճարել»:

Անդրադառնալով Քնեսետի հանձնաժողովում եկեղեցապատկան կալվածքների օրինագծին՝ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշեց, որ օրինագծի հետաձգմամբ բողոքի գործողությունները չեն դադարի, մինչեւ չհանվի Քնեսետի լիագումար օրակարգ ներառելու նախաձեռնությունը։ Օրինագիծն ընդունվելու դեպքում վարձակալության տրվող եկեղեցապատկան բոլոր կալվածքները պետությունը բռնագրավելու հնարավորություն կունենա:

«Քողարկված ոչինչ չկա, ամեն ինչ հստակ է: Այսպես սահմանափակվում է եկեղեցու հնարավորությունը: Եթե անհատ ձեռներեցների կողմից առաջարկվի վարձակալության ավելի շահավետ պայմանգիր, եւ եթե եկեղեցին համաձայնվի կնքել նման գործարքներ անհատների կամ ընկերությունների հետ, ապա հնարավորություն է տրվում պետությանը բռնագրավել եկեղեցու կալվածքը, քանի որ այս որոշմամբ ստիպում են վարձակալության գործարքներ կնքել միայն պետության կողմից ճանաչված ընկերությունների հետ»:

«Իսրայելի ձայն» ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար Ցվի Զիլբերը քաղաքային իշխանությունների որոշման մեջ Երուսաղեմում առաքելություն իրականացնող եկեղեցիների դեմ ուղղված ոչ մի քողարկված միտում չի տեսնում։ Երուսաղեմի իշխանություններն այս կերպ փորձել են գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ կարծում է «Իսրայելի ձայն» ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար:

«Իհարկե, այս իշխանությունների կողմից միտումնավոր քայլ չէր՝ ուղղված Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը: Աստված մի արասցե: Սա քրիստոնյա համայնքների կողմից բողոքի ակցիա է՝ փակել տաճարի դռները: Ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Սովորաբար մեր իշխանությունները նման հարցերում արագ կողմնորոշվում են եւ համաձայնվում զիջումների, որը կլինի բոլորի համար ընդունելի: Ես հույս ունեմ, որ այս կոնֆլիկտը  չի երկարաձգվի, առավել եւս որ Իսրայելը սրացմամբ հետաքրքրված չէ»:

Երուսաղեմաբնակ Հակոբ Ադրեսայանը, հակառակ պնդումներին, վստահ է, որ այս նախաձեռնությունը մեկ օրվա ծնունդ չէ, երկար ժամանակ քննարկված եւ մտածված առաջարկ է: Լռելու դեպքում սա վտանգելու է հայ եկեղեցու եկեղեցապատկան կալվածքների գոյությունը եւ ճակատագիրը՝ վստահեցնում է Անդրեսայանը եւ համազգային շարժման կոչ անում:

«Երբ որ դու չես կարող վճարել տուրքերը՝ պետությունը ձեռքը կդնե վրա: Հստակ է, հստակ քաղաքականութուն կվարեն մարդիկ, իսկ մենք նստել ուրիշ բաներով կզբաղվինք: Ժողովուրդեն կսպասենք, ցեղասպանությունը ճանչընան: Որ մեկն է առաջնահերթ: Եկեղեցու կալվածքները պետության կալվածքներեն ավելի են: Անոր համար, իրենք գուզեն ամբողջը գրավեն»:

Երուսաղեմի հայոց եկեղեցու ճակատագիրը եւ Արցախի հարցը հավասարազօր պետք են լինեն Հայաստանի իշխանությունների, եւ Մայր Աթոռի համար՝ շարունակում է երուսաղեմաբնակ հայը, ցավով նշում, որ պատրիարքարանում առաքելություն իրականացնող հոգեւոր հայրերը, որոնք այսօր զինվորներ են, միայնակ չեն կարող պաշտպանել Երուսաղեմի մեր կալվածքները:

Կարդացեք նաև

Back to top button