

Առողջապահության նախարարության ձեռնարկը, ըստ որի՝ մարտի 1-ից հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է դեղատոմս, միանշանակ չի ընկալվում: Հոգեբան Սամվել Խուդոյանը լուրջ վերապահումով է մոտենում որոշմանը:
Դեղատնային բիզնեսում մենաշնորհի ռիսկերից սկսած մինչեւ հարված շարքային քաղաքացուն. այսպես է դիտարկում նոր որոշումը: Սպառողների ազգային ասոցիացիայում որոշմանը դեմ չեն, բայց այն համարում են ժամանակավրեպ:
Առողջապահության նախարարությունը, ընդհակառակը, հակադարձում է՝ որոշման հիմքում շարքային քաղաքացու շահն է՝ ասում են:
Հոգեբան Սամվել Խուդոյանը դեմ չէ հոգեմետ, հորմոնալ, հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով վաճառելուն, բայց որ ամենահասարակ ցավազրկողները կամ քրոնիկ հիվանդների մշտական ընդունման դեղերի վաճառքն է պարտադիր լինելու դեղատոմսով, սա արդեն Խուդոյանն այլ կերպ է դիտարկում ու երեւույթը վրդովված «էթնոցիդ» որակում:
«Ես սա ընկալում եմ որպես պետական բիզնես ծրագիր կոռուպցիոն ռիսկերով: Տվյալ դեպքերում դեղատոմսային բիզնես է սկսվում: Եթե մինչ այժմ մենք վճարում ենք բժշկի ծառայության եւ դեղի համար, հիմա պիտի վճարենք նաեւ դեղատոմսի համար: Ըստ որում՝ ցանկում ներառված են դեղերի 85 տոկոսը, այնպիսի դեղեր, որոնք մարդիկ խմում են ամբողջ կյանքում»:
Դեղերի մոտ 85 տոկոսը դեղատոմսով վաճառելու որոշումը դրական փոփոխություն խոստանում է, բայց ավելի շատ վատ կողմեր կունենա՝ համոզված է հոգեբան Խուդոյանը։ Կստեղծվի դեղերի սեւ շուկա, պոլիկլինիկայում կգոյանան հերթեր, մարդիկ կսկսեն արտասահմանից ավելի շատ դեղ բերել, թեեւ ավելի էժան, բայց հաճախ առանց տեղափոխման պայմանները պահպանելու: Պոլիկլինիկաներում ախտորոշումն ու նշանակումները հաճախ անվստահելի են մարդկանց համար, ու այնպես չէ, որ այնտեղ խոստացվածի պես անվճար է: Ստացվում է, որ ամեն դեպքում նոր ծախս պիտի անել՝ դեղատոմս ստանալու համար: Այնինչ մարդիկ հաճախ դեղի բավարար գումար չունեն: Մյուս կողմից էլ՝ ինչ անեն զբոսաշրջիկները, գիշերը հանկարծակի խնդիրներ ունեցողները՝ ընկնեն բժիշկ ու դեղատո՞մս փնտրեն:
Սպառողների ազգային ասոցիացիան համարում է, որ որոշումն անհրաժեշտ է, սակայն կազմակերպության մարկետինգի եւ մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանն էլ վերապահում ունի: Պետք է, բայց ժամանակավրեպ է՝ ասում է: Որոշումն այսպես միանգամից կայացնելուց առաջ համակարգային տարբեր խնդիրներ էր պետք լուծել, մարդկանց վստահությունը շահել: Իսկ այժմ սա պարզապես միջազգային կառույցներից թելադրված որոշում է՝ վստահ է Հայթյանը:
«Մասնագիտորեն հիմնավորվածությանը մենք չենք անդրադառնում: Միգուցե դրա կարիքը կա, բայց ոչ այսօր: Սա ժամանակավրեպ որոշում է: Թող մեր հասարակությունը զարգանա: Այնքան խնդիրներ կան: Թող մեր առողջապահական համակարգը 70-80 տոկոսով վստահություն ներշնչի, որ այնտեղ չկան կոռուպցիոն եւ այլ ռիսկեր, հետո միայն մտածել սրա մասին»:
Վարդգես Դադոյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, քրոնիկ եւ ուռուցքային խնդիրներ: Բժիշկների ցուցումներն ու նշանակումներն ամբողջ կյանքի համար են՝ ասում է ու տարակուսում՝ ինչու պետք է ինքը շարունակ դեղատոմսի հետեւից ընկնի: Պոլիկլինիկա վաղուց է՝ չի հաճախում, իր դեղերն այլ բժիշկներ են նշանակում:
Առողջապահության նախարարությունից մտահոգություններին հակադարձում են. որոշման հիմքում պացիենտի շահն է, որ ինքնաբուժման չդիմեն, դեղեր ընդունեն մասնագետների ցուցումով: Նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանն, ի պատասխան մտահոգությունների, շեշտում է՝ դեղատոմսում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը պարտավոր են դեղ գնող անձին ներկայացնել նույն ազդող նյութով բոլոր դեղերը եւ դրանց գները: Սա կբացառի հիվանդին ուղղորդումները՝ գնելու կոնկրետ ֆիրմայի դեղերը: Իսկ այսպես ասած «տակից» դեղեր ձեռք բերելու մտահոգությունը Վարդուհի Գրիգորյանն անիրատեսական է համարում:
Դեղատոմսերի խնդիր պետք է որ չլինի. սահմանվում է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ։ Դեղատոմսը մնալու է դեղատանը հետագայում վերահսկողություն իրականացնելու նպատակով: Նույն դեղատոմսը 6-ակի կիրառման է՝ 6 ամիս ժամկետով: Արդյոք սա ավելի շատ տնտեսական նպատակ ունի՝ դեղերի շուկան ու դրանում ստվերը «չափելի» դարձնել: Ոչ՝ ասում է զրուցակիցս ու հիմնավորում՝ ժամանակն է, որ հարեւանի խորհրդով դեղ գնելու փոխարեն բժշկին լսենք:




