

Մշակույթի նախարարությունում այսօր խոսել են պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթներից։
Այս տարվա մրցույթներում պայման է նախատեսված՝ շինարարական ընկերություններն առնվազն երեք առցանց տեսախցիկներ պետք է տեղադրվեն, որպեսզի մշակույթի նախարարության կայքէջի միջոցով հնարավոր լինի 24 ժամ հետեւել շինարարության ընթացքին:
«2018-ին հուշարձանների ուսումնասիրման ( այդ թվում՝ պեղումների) նախագծման և վերականգնողական աշխատանքի մրցույթները հայտարարված են»,- ասուլիսում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր խոստացավ՝ ինչպես նախորդ տարի, 2018-ին ևս նախարարությունը լրագրողների հետ կիրականացնի շրջայցեր՝ հուշարձանների վերականգնողական աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով:
Բացի այդ, կնքված պայմանագրով շինարարների առջև պայման է դրված շինհրապարակներում տեղադրել առնվազն երեք տեսախցիկ՝ աշխատանքի ընթացքին նաև առցանց (նախարարության կայքէջի միջոցով) 24 ժամ հետևելու հնարավորություն ապահովելու նպատակով:
Ըստ նախարարի, անցյալ տարի իրենց աշխատանքում թերացած շինարարական կազմակերպություններին հնարավորություն է տրվել մինչև հունիսի մեկը շտկելու բոլոր թերությունները:
2018-ին մրցույթի ներկայացված հուշարձանների ցանկը ներկայացրեց փոխնախարար Արև Սամուելյանը.
«Պեղումներ իրականացնելու մրցույթ է հայտարարվել երեք հուշարձանների մասով: Դրանք են՝ Բյուրական համայնքի Ամբերդ ամրոցը, Լոռի բերդ համայնքի միջնադարյան ամրոցը(այս տարվա նախագիծը վերաբերում է մասնավորապես բաղնիքին), Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցին: Պեղման, նախագծման և վերականգնման աշխատանքներ կիրականացվեն Դվին հնավայրում, ինչպես նաև Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում: 2011 թվականին այստեղ բացվել է չափազանց արտառոց մի խճանկար: Վերջինի վերականգնման և ամրակայման աշխատանքն ավարտելուց հետո խճանկարի կրկնօրինակը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում: Մենք երազում ենք, որ մեր անտիկ Դվինն ու Արտաշատը՝ Պոմպեյների նման, հետագայում դառնան մի վայր, որտեղ զբոսաշրջիկները կծանոթանան մեր մայրաքաղաքների հարուստ պատմությանը»,-ասաց Արև Սամուելյանը:
Նախարար Ամիրյանը հավելեց, որ հեռուստաընկերություններից մեկի հետ ծրագրում են նկարահանել սերիալ՝ նվիրված Դվինի պեղումներին ու հնագիտական արշավախմբին:
2018-ի ընթացքում կիրականացվի հուշարձանների պեղման՝ երեք, նախագծման՝ հինգ և վերականգնման տասն աշխատանք:
Վերականգնվող հուշարձանների ցանկն, ըստ փոխնախարարի, սեղմվել է, որպեսզի հնարավոր լինի մինչև տարեվերջ ավարտուն տեսքի բերել հնարավորինս մեծ թվով հուշարձաններ:
Վերոնշյալ մի քանի հուշարձաններից զատ, 2018-ին վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաև Քոբայրավանքում, Սանահինի վանական համալիրում, Գոշավանքում, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի Մայրավանք, Շիրակի մարզի Հոռոմ համայնքի Սուրբ Հռիփսիմե և Սյունիքի մարզում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցիներում:
Բյուջեով նախատեսված տասը միլիոն դրամը կհատկացվի տարվա ընթացքում հրատապ միջամտություն պահանջող հուշարձանների վերականգնմանը:
Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի տեղեկացմամբ, հուշարձանների վերականգնման մրցույթների արդյունքում ստացված և արդեն բացված հայտերը ուշագրավ պատկեր են ներկայացնում:
«Առաջին փաթեթում վեց հուշարձանի համար 13 դիմող է եղել, երկրորդ փաթեթում երկու հուշարձանի համար՝ ինը : Նման ակտիվություն երբեք չի եղել»:
Նախարարության ներկայացուցիչներն աննախադեպ ակտիվությունը պայմանավորում են մրցույթի թափանցիկությամբ, վստահության մակարդակի բարձրացմամբ և ընդհանուր գործընթացի պարզեցմամբ:
Արմեն Աբրոյանի տվյալներով, 2017-ին բյուջեով նախատեսված 250 միլիոնից 199 միլիոն 457 հազար դրամը ծախսվել է հուշարձանների վերականգնման, 11 միլիոն 275 հազար դրամը՝ նախագծման և ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Խնայված 17 միլիոնը վերադարձվել է պետական բյուջե:
2014-2016 թվականների ընթացքում ֆինանսների նախարարությունը ոլորտում գրանցել էր խախտումներ: Ի՞նչ հետևանք ունեցան այդ բացահայտումները. լրագրողի հարցին ի պատասխան նախարար Ամիրյանն ասաց.
«Խախտումներ են արձանագրվել վեց շինարարական կազմակերպությունների մասով: Նախարարությունը նրանց հետ սկսել է բանակցություններ: Վերջնական որևէ արդյունքի չի հասել, և գործն ուղարկվել է դատախազություն: Շուրջ 65 միլիոն դրամի խախտում է արձանագրվել, և այժմ իրավապահները զբաղվում են այդ հարցով»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ որո՞նք են ոլորտի ամենացավոտ խնդիրները.
«Որակյալ կադրերի պակասն ու հուշարձանների հանդեպ քաղաքացիական ոչ պատշաճ վերաբերմունքը: 24 հազար գրանցված հուշարձան ունենք հանրապետությունում: 24 հազար պահակ, բնականաբար, չենք կարող կանգնեցնել: Չափազանց կարևոր է հասարակության ուշադրությունը: Այդ ուշադրությունը պետք է սևեռված լինի մեր պատմամշակութային հուշարձաններին»,-ասաց նախարարը:
Արմեն Ամիրյանը շեշտեց հուշարձանների պահպանման ոլորտում պետություն-մասնավոր հատված հաջողված համագործակցությունը:
«Այս ոլորտում լուրջ ներդրումներ է իրականացվում նաև մասնավորի կողմից: 2017-ը մենք փակեցինք բավական հետաքրքիր ցուցանիշով. 2 միլիոն 800 հազարից ավելի գումար է ներդրվել մշակույթի ոլորտում, հիմնական մասը հենց հուշարձանների նորոգման համար»:




