
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:
Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները մեր երկրի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:
Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Մինչ այդ խոսենք երկկողմ հարաբերությունների ու դրանց զարգացման հնարավորությունների մասին:
Ի տարբերություն արաբական այլ երկրների` Լիբանանը եզակի է Հայաստանի հետ համակողմանի հարաբերություների առկայությամբ: Հայաստան-Լիբանան հարաբերությունները կարևոր են տարբեր առումներով՝ ասում է արաբագետ Արմեն Պետրոսյանը: Պետք է նկատի ունենալ, որ ունենք բավականին կազմակերպված, ազդեցիկ ու մեծաքանակ հայ համայնք, որը նաև մասնակցություն ունի երկրի կառավարման համակարգում ասում է նա: Հատկանշանկան է նաև, որ Լիբանանում է տեղակայված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը.

«Ամեն առումով այսինքն կարևոր երկիր է և Լիբանանի նախագահի այցով կխթանվեն երկկողմ հարաբերությունները»:
Լիբանանն անմասն չմնաց վերջին տարիներին Մերձավոր արևելքում ընթացող հակամարտություններից և ուղղակիորեն կրեց այդ ազդեցությունները: Բեյրութը փորձ է անում հաղթահարել ներքին ճգնաժամը:

Լիբանանի նախագահ Միշել Աունի այցն, արաբագետի կարծիքով, կարող է ձեռքբերվելիք համաձայնությունների իրագործման մեծ հնարավորություն ունենալ: Որ ոլորտներում է առավել նկատելի համագործակցության խորացման հնարավորությունը:
«Կարելի է ներառել կրոնական զբոսաշրջություն կոչվածը զարգացնել, բանկային համակարգում համագործակցել: հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցությունը և Մեղրիի ԱՏԳ-ու առկայությունը կարող ենք առաջարկել համագործակցություն»:
Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ այցը դիտարկում է նաև Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման տեսանկյունից, հաշվի առնելով, որ վերջինս Լիբանանի հարևան երկիր է:

2017 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3 մլն դոլար, սակայն ներուժն ավելին է: Երկու երկրների տնտեսական գործակցությունը, ըստ արաբագետի, զարգացման հնարավորթյուն ունի:




