
Հայաստանում գրանցված շուրջ 4700 դեղերի կեսից ավելին մարտի 1-ից հնարավոր կլինի գնել միայն դեղատոմսով: Նոր կարգ սահմանող որոշումը կառավարությունն ընդունել է նախորդ տարվա նոյեմբերին:
Այն բխում է «Դեղերի մասին» նոր օրենքի պահանջներից: Որոշումը մանրամասնորեն սահմանում է դեղատոմսերի ձևերը, դեղերի ու դեղանյութերի հաշվառումը:
Նոր կարգն ուժի մեջ է մտնելու փուլերով՝ ըստ դեղամիջոցների խմբերի: Դեղերի առաջին խումբը դեղատոմսով կդառնա մարտի 1-ից, մյուս խումբը՝ հոկտեմբերից:
Մարտի մեկից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելիս պարտադիր է լինելու բժշկի դեղատոմսը: Հանրության շրջանում արդեն իրարանցում առաջացրած կարգավորումը բխում է «Դեղերի մասին» նոր օրենքի պահանջներից: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ոչ թե նոր պահանջ է ներդրվում, այլ թարմացվում է հինը:
«Երևիբցե ԱՆ համապատասխան կառույցները չեն դադարել դեղերը գրանցել : Պահանջը ոչ լիարժեք է կատարվել, երբեմն՝ կայացված որոշումների խախտումով: Այժմ նոր օրենքի պահանջով նոր կարգ է մշակվել, պահանջը թարմացվում է: Դեղատմոսը մի գործիք է, որը հարաբերությունների մեջ է մտնում բժշկի, դեղատան ու պացիենտի հետ»:
Քրոնիկ հիվանդներին կտրվի բազմակի օգտագործման դեղատոմս, որով քաղաքացին կարող է պոլիկլինիկայից դեղ գնել 6 անգամ: Նոր օրենքի համաձայն դեղատոմոսւմ կնշվի ոչ թե դեղի, այլ ազդող նյութի անվանումը:
Փոփոխությունն անսպասելի չէր՝ ասում է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
«Հատիկով դեղ վերցնելը սոցիալական խնդիր է, որը արգելված էր նաեւ հին օրենքով»:
Զաքարյանը որպես խնդիր առանձնացնում է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման բաղադրիչներից մեկը, որը հենց դեղատներին է վերաբերում՝ համակարգչի պատրադիր առկայություն, աշխատողների՝ հատուկ Id քարտեր: Էլեկտրոնային համակարգի ներդրումն իհարկե դրական է` ասում է:
Երևանյան դեղատներում հարցազրույցներից հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե շատ բան դեռ անորոշ է, կխոսեն ավելի ուշ, երբ հստակ կպատկերացնեն իրավիճակը: Բայց մեկ բան արդեն հստակ է՝ որոշ դեղերի վաճառնքն այս օրերին ավելացել է:
Այն, որ պոլիկլինիկաներում հերթեր կգոյանան, կանխատեսում են նաև առողջապահության նախարարությունում: Վստահեցնում են՝ համապատասխան միջոցներ կձեռնարկեն: Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը դեղերի շուկայում հարկային արտոնությունների անհրաժեշտություն է տեսնում:
Խոսքը դեղերի համար ավելացված արժեքի հարկի վերացման մասին է: Դիմել են կառավարությանը, սակայն արձագանք դեռ չկա: Սամվել Զաքարյանը համոզված է՝ դեղերի շուկայում Ադրբեջանի և Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի:




