

Արցախյան շարժման 30-ամյա հոբելյանին է իր այսօրվա քննարկումը նվիրել Մամուլի ազգային ակումբը:
Քննարկման մասնակիցները տարբեր տեսանկյուններից գնահատել են Ղարաբաղյան շարժումը, անդրադարձել դրա արդյունքներին ու գլխավոր դասերին:
Օրվա բանախոսները միակարծիք էին՝ Արցախյան շարժումը մնայուն հետք թողեց մեր պատմության մեջ: Ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն էլ Արցախի ազատագրումն էր: 30 տարվա հեռվից Արցախյան շարժման պատմաքաղաքական նշանակության մասին խոսելով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը շեշտեց նաեւ այդ հաջողություների ամենամեծ խորհրդի մասին.
«Ամենամեծ խորհուրդն, իհարկե, մեր ժողովրդի միասնությունն էր: Արցախը մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր, ըստ էության»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը շեշտեց, որ շարժման 30-ամյակն իր համար կարեւոր է քաղաքական դասերով, ապա՝ եզրահանգեց.
Արտակ Ստեփանյանը, որը շարժման առաջին կազմակերպիչներից, ինչպես ընդունված է համարել, Իգոր Մուրադյանի խմբի անդամներից է, կարեւորեց մինչեւ 88-ի փետրվարի 20-ը շարժման նախապատրաստման ժամանակահատվածը:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Ալբերտ Բաղդասարյանն անհասկանալի եւ անընդունելի համարեց շարժման հետ կապված անձնավորված պատմությունները:
Արցախյան շարժման ակտիվիստներից Հրայր Ուլուբաբյանը կարծում է, որ Արցախյան խնդրի սկիզբը պետք է համարել այն պահը, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին: Նրա գնահատմամբ՝ շարժման հաջողությանը երեք հիմնական պայման նպաստեց. Արցախը Ադրբեջանական գերությունից ազատելու հստակ նպատակադրումը, համայն հայության միաբանությունն այդ նպատակի համար եւ համառ պայքարը.
«Այդ երեք գործոնների առկայությունը ապահովեց մեր հաղթանակը: Բայց այդ երեք գործոններից շեղումներն էլ պատճառ դարձան բազմաթիվ կորուստների. 88-ին սկսած շարժումը, կարելի է ասել, մենք հաջողությամբ ավարտեցինք կիսով չափ՝ միացումը չիրականացավ, բայց Արցախն ազատագրվեց»:
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես կարծում է, որ շարժումը մասամբ է լուծել իր խնդիրը՝ պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով: Ըստ քաղաքագետի, սակայն, մի բան հստակ դրական պետք է գնահատել.
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Արշակ Սադոյանը չի կիսում այնպիսի գնահատականները, թե շարժումը շեղվել է իր նպատակներից՝ վերամիավորման գաղափարից հրաժարվելով:
«Առանց պետության անկախության կարո՞ղ էր Ղարաբաղը անկախ դառնալ: Կարո՞ղ էր Ղարաբաղյան հարցը լուծվել, եթե մենք մնայինք «Լենին-պարտիա-Գորբաչով» կոչերով: Բնականաբար՝ ոչ, բոլորս էլ դա հասկանում ենք»:
Հայության միասնական ուժի դրսեւորումը Արցախյան շարժման կարեւոր հարցերից մեկն էր, իսկ այսօր էլ 30-ամյա հեռավորությունից հետեւությունն այն պետք է լինի, թե ինչ անել, որ աշխարհով մեկ հայ ժողովուրդը որպես միաձույլ ամբողջություն դիմանա ու գործի՝ եզրակացրեց Արշակ Սադոյանը:




