


Վրաստանում կարմրուկով հիվանդացության դեպքեր են արձանագրվել: Մեզ՝ Հայաստանի բնակիչներիս, մտահոգում է հարևան երկրում գրանցված հիվանդացության պատկերը:
«Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ որքանով Վրաստանում տարածված համաճարակը կազդի Հայաստանի վրա:
Հարևան Վրաստանում` մասնավորապես Արևմտյան Վրաստանում, տարվա սկզբից գրանցվել է կարմրուկի հիվանդացության 100-ից ավելի դեպք: Սակայն այն անվանել համաճարակ դեռ վաղ է՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն, և միաժամանակ հայտարարել՝ եթե շարունակվի հիվանդների թվի ավելացումը, ապա այս դեպքում կհայտարարվի համաճարակ: Կարևորը, որ մինչև նշված տարիքի քաղաքացիները հասկանան հիվանդության լրջության պահը և ժամանակին պատվաստվեն, ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:
«Առաջին պատվաստումը հիվանդանալուց լիովին չի պաշտպանում, սակայն երկրորդ պատվաստումը բացառում է հիվանդանալու վտանգը»:
Վրաստանում կարմրուկի համաճարակին դիմակայելու համար վերջին տարիներին 200 հազար մարդ անվճար պատվաստվել է: Սակայն Պաատա Իմնաձեն դա բավարար չի համարում, քանի որ մինչև 25-30 տարեկանները չունեն այդ հիվանդության դեմ իմունիտետ։ Դրա համար էլ մինչև 40 տարեկան քաղաքացիներին պետությունն առաջարկում է անվճար պատվաստում:
« Եթե հիմա ռադիոլսողները հետևում են մեզ, ապա ասեմ, որ Արևմտյան Վրաստանում՝ հիմնականում Աջարիայում, հայտնվելիս մեր պետությունը պատրաստ է նաև նրանց անվճար պատվաստել կարմրուկի դեմ»:
Արդյո՞ք Վրաստանում այսօրինակ տարածվածությունը չի վտանգում մեր քաղաքացիների առողջությանը: Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ 2007 թվականից Հայաստանում տեղական տարածման կարմրուկի վարակ չի գրանցվել: Տարեկան արձանագրվում են մեկ-երկու բերովի դեպքեր, որոնք էլ չպատվաստված արտերկիր շրջագայությունների մեկնածներն են: Իսկ ախտանշանները դրսևորվում են արդեն Հայաստանում: Բայց այս պարագայում էլ, դեպքերը տեղական տարածում չեն ստանում, քանի որ պատվաստում ստացած քաղաքացիները մեզ մոտ մեծ տոկոս են կազմում:
«Նրանք, ովքեր ենթակա են պատվաստման, շատ բարձր տոկոս են կազմում: նրանք հիմնականում 1 և 6 տարեկան երեխաներն են, որոնք գրեթե 98 տոկոսով պատվաստված են և պաշտպանված»:
2007 թվականին մեզ մոտ մեծ հաջողությամբ իրականացվել է կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների արշավ: Առաջին փուլում պատվաստվել են 6-28 տարեկանների 98 տոկոսը, իսկ երկրորդ փուլում‘ ավելի բարձր տարիքի բնակչության 50 տոկոսը: Վրաստանում, սակայն, այս ծրագիրը հաջողությամբ չի իրականացվել, որոնց արդյունքներն էլ նկատելի են, ասում է գերատեսչության ներկայացուցիչը:
Գայանե Սահակյանը նաև հիշեց 2013 թվականը, երբ Վրաստանում մոտ 12, հազար քաղաքացիներ հիվանդացան կարմրուկով, սակայն Հայաստանում գրանցվեց մեկ-երկու բերովի դեպք, որը դարձյալ չունեցավ տեղական տարածում: Հարցին, արդյոք հսկվում են սահմանային անցակետերը, ԱՆ մասնագետը պարզաբանեց, որ վերահսկողությունն իրականացվում է բոլոր հիվանդությունների պարագայում: Սակայն այդ վերահսկողությանը թերահավատորեն է մոտենում, քանի որ գաղտնի շրջանում գտնվող հիվանդը միևնույն է հատում է սահմանն ու հիվանդությունը բերում իր բնակավայր:
«Այս տեսանկյունից այնքան էլ արդյունավետ միջոցառում չէ: Իհարկե՝ տեղում, եթե անգամ վարակվել է և գաղտնի շրջանն արդեն ավարտվել է ու կլինիկական ախտանշաններով վերադառնում է Հայաստան, այս դեպքում հիվանդության դեպքը պետք է հայտնաբերվի, որը բաց չի թողնվում, բոլոր հիվանդությունների պարագայում է կատարվում»:
Այն երկրները, որտեղ իրականացվում են պատվաստման լայնածավալ գործողություններ, և դրանից հրաժարվողներ քիչ են, վարակին տարածվածության հավանականությունը փոքր է՝ ասում է։




