

«Միջազգային որևէ կառույց, բացառությամբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի, Հայաստանին չի կարող պարտադրել հրաժարվել ատոմակայանի շահագործումից»,- այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
Եվրամիության ներկայացուցիչն այսօր Երևանում կրկին հայկական կողմին կոչ է արել հնարավորինս շուտ դադարեցնել ատոմակայանի էներգաբլոկի շահագործումը: Կա՞ արդյոք ատոմային էներգիայի այլընտրանք Հայաստանում, դրա առավելություններն ու ռիսկերը «Ռադիոլուրի» ռեպորտաժում:
Մեծամորի ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետները կրկին քննարկման առանցքում են: Այս անգամ ատոմակայանի փակման խնդրին անդրադառնում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը։
«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չի բացառում՝ այլընտրանքային էներգետիկան կարող է այլընտրանք լինել հայկական ատոմակայանին։
«Չի կարելի ոչ մի բան բացառել։ Ներկա պահին զարգացումներն այս ոլորտում ընթանում են շատ արագ, և ակումուլյացիոն տեխնոլոգիաները բավականին արագ են զարգանում, բայց ներկա պահին հստակ չենք կարող ասել»:
Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման հեռանկարի գնահատականները տարբեր են։ ՌՈՍԱՏՈՄ- ի տեխնիկական մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ ատոմակայանի կյանքը կարելի է երկարացնել մինչև 25 տարով։
Եվրոպացի փորձագետների կարծիքն արդեն պարզ է: Սա քաղաքականություն է, որը Հայաստանին չի կարող պարտադրվել: Հորդոր ու առաջարկ կարող են անել, բայց՝ ոչ պարտադրանք՝ ասում է զրուցակիցս:
Փոխանցելով հայ մասնագետների կարծիքը՝ փորձագետը նշում է՝ «Ատոմակայանը դարձել է աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերի բախման օբյեկտ: Հայտարարություններն ավելի շատ քաղաքական, քան տեխնիկական են»:
Բնապահպան Կարինե Դանիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ատոմային էներգետիկայի զարգացումը դրական է գնահատում, սակայն՝ եթե- ներով. նորմալ աշխատանքի պայմաններում վնաս չի բերի շրջակա միջավայրին:
«Բացի այդ, ատոմակակայնները թափոններ են արտադրում, որոնք լուրջ խնդիր են շրջակա միջավայրի համար: Եթե այլ հնարավորություն կա, խուսափելը ճիշտ է»:
Հայաստանն այլընտրանք ունի՞. արևային էներգետիկան է մեծ թափ ստանում հատկապես վերջին տարիներին: Սակայն բնապահպանին տխրեցնում է, որ շեշտը դրվում է արևային վահանակների վրա, որոնք 15 տարի աշխատելուց հետո թափոնի են վերածվելու: Փոքր ՀԷԿ-երը նույնպես այլընտրանք են, սակայն այսօր արդեն պարզվում է, որ դրված բանապահպանական նորմատիվներն են սխաել եղել.
«Ստացվել է այնպես, որ տարբեր պատճառներով շատ մեծ վնաս ենք տվել: Սպասվող դրականի փոխարեն ավելի շատ բացասական էֆեկտ ենք ստացել»:
Տեսականորեն, գուցե գործնականում էլ, հնարավոր է, որ ինչ- որ մի օր վերականգնվող էներգետիկան Հայաստանում փոխարինի ատոմային էներգետիկային՝ ասում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Միաժամանակ նկատում է՝ բոլոր ուղղությունները զարգացնելու և տեսակարար կշիռը էներգետիկ հաշվեկշռում ավելացնելու համար պետք է համալիր քաղաքականություն իրականացնել: Գերմանիայի օրինակն է մատնանշում՝ 2036 թվականին միայն այս երկրում վերականգնվող էներգետիկան կկարողանա ապահովել ընդհանուր կարիքների 40 տոկոսը։ Նաև եզրակացնում է՝ սա երկարատև գործընթաց է:
«Հիմա մենք կիրականացնենք ներդրումներ, ու հինգ տարի հետո կստանանք անկախ էներգետիկ համակարգ, կարծում եմ, մի փոքր նայիվ է հնչում»:




