Մշակույթ

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը՝ նվեր 2800-ամյա Երևանին

Լուսինե Զաքարյանի տունը թանգարանի վերածելու երկար տարիների հանրային պահանջն ի վերջո իրականություն է դառնում։ Ինչպես հայտնի է՝ նրա բնակարանը ժառանգված մասնավոր սեփականություն է:

Ժառանգները՝ Լուսինե Զաքարյանի ամուսնու՝  Խորեն Պալյանի եղբորորդիներն են: Նրանց համաձայնությամբ ու անմիջական մասնակցությամբ երգչուհու բնակարանն առաջիկայում կգործի որպես հիմնադրամ-թանգարան:

Աշխարհի ամենատարբեր բեմերում նրան սիրում և ընդունում էին առաջին իսկ հնչյուններից։ Այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին՝ Լուսինեն եկել է Հայասատան՝ համերգների։  Երևանյան նրա հասցեն Կողբացի 42-ն էր:

Այս հասցեում ապրող բնակիչները հիշում են ոչ միայն երգչուհի Լուսինե Զաքարյանին, ում ձայնն աստվածային են համարում, այլև անսահման բարի ու ազնիվ իրենց հարևանուհուն, որով առ այսօր հպարտանում են:

Տարիներ առաջ երգչուհու  ծննդյան առիթով նույն այդ  բնակարանում զրուցում էի Լուսինե Զաքարյանի ամուսնու՝ Խորեն Պալյանի հետ։ Այս պահին էլ հիշում եմ նրա խոսքերը. «Այս բնակարանը պետք է դառնա Լուսինեի տուն-թանգարանը»։ «Ռադիոլուր»-ի արխիվում պահպանված ռեպորտաժում Խորեն Պալյանն անգամ նշում է, թե ինչպիսին էին պատկերացնում այդ թանգարանը հենց Լուսինեի հետ միասին:

Խորեն Պայլանի մահից հետո Կողբացի 42 հասցեում գտնվող նրանց տունն ու ամբողջ ժառանգությունն անցել էր Պալյանի զարմիկներին, որոնք երկար տարիներ ժառանգած սեփականությունը թանգարանի վերածելու հարցում  համաձայնության  չէին գալիս:

Տարիների  ցանկությունը կյանքի կոչելու հնարավորության մասին օրերս հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Փոխնախարար Արև Սամուելյանի պարզաբանմամբ՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի՝ մի քանի ճյուղով ժառանգների հետ:

«Ուզում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Խորեն Պալյանի եղբորորդիներին, որոնք կարողացան լուծել այս խնդիրը, և արդյունքում՝ Լուսինե Զաքարյանի տունը կվերածվի թանգարանի: Սա եղել է ոչ միայն հանրության ու մշակույթի նախարարության, այլև այդ հրաշալի զույգի՝ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պայլանի մեծ ցանկությունը: Մշակութային այս օջախը   կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Բնակարանի վերանորոգումը ստանձնել է Րաֆֆի Պալյանը՝ Խորեն Պալյանի եղբորորդին: Աշխատանքն այս պահին հրաշալի առաջ է գնում»:

Թանգարանի վերանորոգման աշխատանքը նախատեսում են ավարտել մինչև հունիսի մեկը՝ երգչուհու ծննդյան օրը: Հենց այդ օրն էլ տեղի կունենա թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Արև Սամուելյանի խոսքով, մշակութային նոր հասցեն էլ ավելի կհարստացնի մեր մայրաքաղաքի դիմագիծը՝ դառնալով հրաշալի նվեր  2800-ամյա Երևանին:

Կարդացեք նաև

Back to top button