

Սահմանագծում Ադրբեջանի ակտիվացումն ունի որոշակի տրամաբանություն։
Հակառակորդը գործողություններն իրականացնում է հատկապես մեզ համար հատկանշական օրերին։
Իսկ ինչպիսի տրամաբանությամբ է գործում հարեւան երկիրը կիբերտարածքում։
Ադրբեջանն իր հակահայկական գործողությունների և հայտարարությունների համար օգտագործում է բոլոր հարթակները՝ միջազգային դիվանագիտական ամբիոններից մինչեւ շփման գիծ, մինչեւ կիբերտիրույթը: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները պայմանավորված են Արցախի բանակցային գործընթացի հետ թե՛ համանախագահների, թե՛ դիվանագիտական ներկայացուցիչների, և այլ հանդիպումների ընթացքում: Դիտարկումն ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանինն է:
«Ես հակված չեմ բոլորն իրար հետ կապակցել, որովհետև տարբեր տիրույթներ են, տարբեր առիթներ են, տարբեր դիտակներ են և տարբեր հանգամանքներ»:
Ըստ Արման Սաղաթելյանի՝ կիբեռհանցագործությունները հիմնականում գրանցվում են հայկական կողմի համար արժանահիշատակ օրերի նախաշեմին։ Օրինակ հարձակումներ են եղել ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին և նմանօրինակ շատ տարելիցերի ժամանակ: Ադրբեջանական խմբերի համար տեղեկատվական ռեսուրսները գրեթե միշտ են թիրախ հանդիսանում և անընդհատ են փորձում գտնել թույլ կողմեր ու ներթափանցումներ անել:
«Պետք է ասեմ, որ ի պատիվ մեզ, և՛ մեր տեխնիկական մասնագետների, և՛ համապատասխան կառույցների շնորհիվ բոլոր նման փորձերն անհաջող ավարտ են ունենում»:
Կիբերանվտանգության փորձագետ Սիփան Վարդանյանի դիտարկումներով էլ տեղեկատվական պատերազմում հակառակորդը քնած չէ, սակայն ակտիվանում է հատկապես մեզ համար արժանահիշատակ օրերի.
«Անվտանգությունը պետք է պահպանել ամբողջ տարի և զգոն լինել տարին բոլոր, սակայն այդ օրերին օնլայն մեր աշխատանքը պետք է ակտիվացնել»:
Սակայն այս տարի հակառակորդը կարծես թե աչքաթող է արել տեղեկատվական ոլորտը: Հայաստանյան կիբերտիրույթում այս տարի հակառակորդի հարձակումներն այնքան էլ ակտիվ չէին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ուսումնասիրությունները ահա թե ինչ են ցույց տվել.
«Հունվարի 20-ին բավականին մեծ քանակի օգտատերերի և խմբերի կոտրեցին ֆեյսբուքում:տենց շատ զանգվածային չէր, բայց կար ու նշում էին հատուկ, որ Բաքվի օրերի հետ է կապված: Բանակի օրվա հետ կապված ավելի շատ հայ հաքքերներն են կոտրում նրանց էջերը»:
Տեղեկատվական պատերազմներում մեր պաշտպանական և հարձակողական մշակույթը բավականին զարգացած է, քանի որ այդօրինակ հակամարտությունները երկար տարիների փորձ ունեն՝ ասում է կիբերանվտանգության փորձագետը:
Իսկ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշում է՝ լինում են կոտրված կայքէր, սոցցանցեր, որոնց մասին ադրբեջանցիներն անընդհատ բարձրաձայնում են, սակայն մեր տեղեկատվական տեխնիկական համակարգի վրա մինչ օրս չի հաջողվել ունենալ լուրջ ազդեցություն: ԱԺ պատգամավորը լիահույս է, որ այդ օրինաչափությունը կհաջողվի պահպանել:




