Հասարակություն

«Ժամանակը» Թուրքիայում խնդիրների չի հանդիպում. Գոչունյան


1908 թ հոկտեմբերի 28-ին Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից հիմնադրված և մեկ դարից ավել հրատարակվող Պոլսի «Ժամանակ» օրաթերթը կրում է «ազգային փոքրամասնություններին պատկանած և անընդմեջ հրատարակված ամենահին թերթ» տիտղոսը։

Այն արդեն 110 տարի է հրատարակվում է։ «Ռադիոլուրը» է զրուցել «ժամանակ» օրաթերթի ներկայիս գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ:

«Ժամանակ» օրաթերթը արտերկրում տպագրվող հայերեն ամենահին թերթն է, հրատարակվում է 1908 թվականից: Այս տարի նշվում է թերթի հիմնադրման 110-ամյակը: Անգամ թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներն են անդրադարձել օրաթերթի պատմությանը:

Թերթի խմբագիրն ասում է` մեկ դարից ավելի պատմություն ունեցող «Ժամանակ»-ն ականատես է եղել պատմական կարեւորագույն իրադարձությունների, վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Թերթի շատ հեղինակներ զոհ են գնացել թուրքական պետության ոճրագործությանը:

«Ժամանակն» այսօր ունի 1000-1500 տպաքանակ, մինչդեռ հիմնադրման օրերին թերթը լույս էր տեսնում 15 հազար օրինակով: Թերթի ներկայիս տնօրենը Գոչունյան ընտանիքի չորրորդ սերնդից Արա Գոչունյանն է։ Նա թերթի տնօրեն է դարձել 23 տարեկանում, եւ ստացել է «ամենաերիտասարդ գլխավոր խմբագիր» կոչումը։ Այսօր «Ժամանակն» ունի 10 աշխատակից և անդրադառնում է բազմաթիվ ոլորտների՝ սկսած քաղաքականությունից մինչև արվեստ, հոգեւոր խնդիրներից մինչ տնտեսություն, սպորտ և այլն։

Գոչունյանը պատմում է, որ հրատարակման սկզբում թերթը զուտ փոքրամասնության պարբերական չի եղել, իսկ թերթի հիմնադիրներից Սարգիս Գոչունյանը եղել է Օսմանյան կայսրությունում առաջին հրատարակչական ու գովազդային գործակալություններից մեկի հիմնադիրն ու անհատ ձեռներեց։ Արա Գոչունյանն ասում է` իրենք ավանդույթները պահպանել են եւ փորձում են ժառանգության վրա ինչ-որ նոր բան ավելացնել:

Ժամանակ առ ժամանակ թերթը դադարներ է ունեցել, սակայն ներկայումս փակվելու վտանգի առջեւ կանգնած չէ: «Ժամանակը» մտավախություն չունի, որ Թուրքիայում բազմաթիվ լրատվամիջոցների փակման և լրագրողների ձերբակալման ալիքը կհասնի իրենց, քանի որ «Ժամանակը», որպես ազգային փոքրամասնության լրատվամիջոց, Թուրքիայում խնդիրների չի հանդիպում:

«Զուտ հայկական լրատվամիջոց լինելով՝ լրացուցիչ խնդրի չենք հանդիպում: Տարբեր բնագավառների մեջ՝ կրթության, մշակույթի մեջ մեր համայնքային կազմակերպությունները բախվում են խնդիրների, որոնք մեծ հաշվով մենք համարում ենք խտրականության դրսևորում: Մենք, որպես մամուլ, դրա հաղթահարման համար, մեր ձայնը բարձրացնում ենք, մեր համայնքի տարած պայքարին սատարում ենք մեր ամեն ինչով, որովհետև դա ուղղակիորեն մեր լինելիությամբ է պայմանավորված»:

Արա Գոչունյանի խոսքով՝ ինքը ներկայացնում է Թուրքիայում իրենց գործունեության թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Չեմ ուզում առանց փուշի վարդաստանի համայնապատկերի տպավորություն թողնել, բայց իրականությունն այսպիսին է՝ ասում է «Ժամանակ» օրաթերթի խմբագիրը:

Կարդացեք նաև

Back to top button