Քաղաքական

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է. քաղաքական գործիչների կարծիքներն իրարամերժ են


Անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած վերջին այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների կարեւոր շեշտադրումներին՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ, այդ ամենով, եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն:

Հայաստանի նախագահի այցը Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիացի պաշտոնյաների հետ և նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, Էդվարդ Շարմազանովի գնահատմամբ, վերջին օրերի կարեւորագույն իրադարձությունն է: «Ռադիոլուր»-ը նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների տեսակետներ է լսել:

 

Ակնհայտորեն Եվրոպայում այլեւս Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Հենց դա վերահաստատվեց նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցի ընթացքում: Սա միայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէ, որ արձանագրում է:

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, սակայն, չի կարծում, թե եվրոպայում Հայաստանի նկատմամբ վերաբերմունք է փոխվել, որովհետեւ այստեղ ամեն ինչ լավ է՝ ժողովրդավարացման առումով:

«Եվրոպական գործընկերները մեծ գումարներ են դրել եւ ցանկանում են, դա տեսնել իրականացաված»:

ԱԺ մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ Ծառուկյան խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, մինչդեռ, նկատեց, որ երեկ ԵԽԽՎ-ում երկու կարեւոր հանձնաժողովների փոխնախագահների պաշտոնում հայ պատգամավորների ընտրվելն այդ կառույցում Հայաստանի ժողովրդավարական զարգացումների նկատմամբ վստահության կարեւոր ցուցանիշ է:

Ըստ «Ելք» դաշինքի ներկայացուցչի, մինչդեռ, որեւէ էական արդյունք տեսանելի չէ:

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ նախագահի երեկվա խոսքը վստահ էր եւ հստակ, ուղղակի էր ու առարկայական, ինչը կարեւոր էր  ինչպես ներքին խնդիրների, այնպես էլ արտաքին հարցերի առումով, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի հետ կապված, որի լուծված չլինելուց են բխում մեր շատ խոցելի պահեր՝ նկատեց նա:

Նախագահի վերջին այցը Ֆրանսիա, հանդիպումները եվրոպացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը, Էդուրադ Շարմազանովի գնահատմամբ, եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն: Տպավորիչ հանդիպումներ, որոնցից հստակ երեւում էր այն փոխըմբռնումը, որն առկա է՝  ասաց.

«Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել եվրոպական երկրների հետ՝ մասնավորապես Ֆրանսիայի նման բարեկամ երկրի»:

Հանդիպումները տպավորիչ էին, կար փոխըմբռնում, նախագահն ասաց, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացումը, իսկ Ֆրանսիայի նախագահն էլ ընդգծեց՝ Ֆրանսիան մշտապես լինելու է Հայաստանի կողքին:

Առանձնացնելով նախագահի հնչեցրած մի քանի կարևոր սկզբունքներ, ինչպես օրինակ, որ ՀՀ-ն Եվրոպա է իր արժեքային համակարգով, իսկ դա ժողովրդավարական արժեքներին դավանելն է, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց՝ «Մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով: Տարիները ցույց են տվել, որ սրանք ոչ միայն խոսքեր են, այլ կատարված աշխատանք»,- եզրափակեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Կարդացեք նաև

Back to top button