
Նախագահների թեկնածուների մրցավազքն սկսել էր դեռ շաբաթներ առաջ, երբ առաջինը «Ելք» դաշինքը հայտարարեց ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար առաջադրվող իրենց թեկնածուի անունը: Այս ընտրություններում թերեւս պատգամավոր Արտակ Զեյնալյանի առաջադրումն այնքան էլ ինտրիգային չէր, որքան հարցը, որ վերջին օրերին հետաքրքրում էր շատերին՝ ով է լինելու Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, որ փոխարինելու է Սերժ Սարգսյանին, բայց եւ շարունակելու է աշխատել նրա հետ՝ քանզի առաջադրվի, թե չառաջադրվի նա վարչապետի պաշտոնում, ակնհայտ է մեկ իրողություն՝ հենց Սերժ Սարգսյանն է մնալու հանրապետականների ղեկավարը: Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը վարչապետ Արմեն Սարգսյանի կառավարությունում զբաղեցնում էր ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
Գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար եւ ահա այժմ նաեւ արդեն Հայաստանի նախագահի թեկնածու: Այս ամենը Արմեն Սարգսյանի մասին է, ով դարձավ Հանրապետական կուսակցության համար ամենաընդունելի թեկնածուն: Փաստացի՝ հենց նա համապատասխանեց նախագահ Սերժ Սարգսյանի նախանշած չափորոշիչներին` այդպես որոշվեց երեկ ուշ երեկոյան՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում՝ փոխանցեց կուսակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում ենք, լավագույնս կարող է ներկայացնել ՀՀ-ն եւ միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ … լեզուների իմացություն, ունի դրական հեղինակություն թե՛ դրսում, թե՛ ՀՀ ներսում: Եվ կարծում ենք այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել լայն համաձայնության քաղաքական շրջանակենրում»:
65-ամյա գործիչը 21 տարվա դադարից հետո վերադառնում է երկրի կառավարման ղեկին: 1996-ին նրան կրկին ,,պոկեցին,, դիվանագիտական աշխատանքից եւ Եվրոպայից հրավիրեցին ղեկավարելու կառավարությունը: Դա Լեւոն Տեր -Պետրոսյանի նախագահության տարիներին էր: Նա կառավարությունը ղեկավարեց ընդամենը 6 ամիսը, որի հետո կրկին հեռացավ Հայաստանից։ Պաշոնապես նշվում էր, որ հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն էին, հասարակության մեջ շրջանառվում էին խոսակցություններ՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների մասին։

Հայաստանի հեռացավ, սակայն շարունակեց Հայաստանը եվրոպական տարբեր երկրներում՝ հիմնականում Մեծ Բրիտանիայում։ Սակավաթիվ հարցազրույցներից մեկում՝ 2010-ին նա խոստովանել է՝ «որեւէ հետաքրքրություն չունի քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում», սակայն ունեցել է մեծ ցանկություն՝ օգտակար լինելու Հայրենիքին: Մեջբերենք, «Ազատությանը» տված այդ հարցազրույցից. «Ես հավատում եմ, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն քաղաքական մասնակցություն ունենալով կամ պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը, կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, լինելով իշխանության մեջ կամ ընդդիմություն: Ես գտնում եմ, որ կարելի է այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին, հայրենիքին, ուղղակի կենտրոնանալ այն հիմնական խնդիրների վրա, որտեղ դու կարող ես փոքր ներդրում ունենալ»:
Վերադառնալով Հայաստանյան ապագա քաղաքական գործընթացներին՝ հիշեցնենք՝ մարտի 2-ին խորհրդարանն ընտրելու է Հայաստանի 4-րդ նախագահին: Միանգամից՝ առաջին փուլով ընտրվելու համար անհարաժեշտ է, որպեսզի 105 պատգամավորից թեկնածուն ստանա առնվազն 79-ը կողմ ձայն: Իշխող կոալիցիոն գործընկերները՝ հանրապետականն ու դաշնակցությունը խորհրդարանում ունեն 65 պատգամավոր: Պարզ թվաբանությամբ պարզ է՝ անհրաժեշտ է լուծել եւս 14 ձայնի հարցը: Իսկ քանի որ Ելք դաշինքն արդեն ունի իրենց թեկնածուն, միակ տարբերակը մնում է Ծառուկյան խմբակցության քվեարկությունը: Ինչպես Հանրապետականն էր թեկնածուի ինտրիգը պահում, այնպես էլ Ծառուկյան խմբակցության ղեկավար եւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ խորհրդարանում փակագծերը չբացեց, թեեւ որոշ ակնարկներ արեց` նախագահի ընտրության հարցում Հանրաօետականի հետ համագործակցության մասով:
Իսկ Հանրապետական կուսակցությունից վստահեցնում են՝ իրենց մոտ գործում են ժողովրդավարական սկզբունքներ եւ այնպես չէ, որ կուսակցության եւ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը առաջարկում է իր նախընտրած թեկնածուին՝ եւ վերջ: Կա ազատ խոսքի իրավունք, բոլորը արտահայտվում են եւ ընտրում են լավագույն տարբերակը: Բայց ամեն դեպքում, ինչպես նշել է Շարմազանովը, գործադիր մարմնում քննարկվել է ընդամենը մեկ թեկնածուի անուն։




