Տնտեսական

Դիզվառելիքի թանկացման արդյունքը գյուղմթերքի ինքնարժեքի վրա. կարծիքները տարբերվում են


Հունվարի 1-ից ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված թանկացել են սեղմված գազը, դիզվառելիքը, քսանյութերն ու բենզինը: Վառելիքի թանկացման բեռը կնկատվի գրեթե բոլոր ոլորտներում:

Թեև գյուղատնտեսության նախարարությունում կատարված հաշվարկների համաձայնայն էականորեն չի ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա, սակայն գյուղատնտեսները պնդում են, որ կթանկանան և՛ մթերքը, և գյուղատնտեսական աշխատանքները, կխոչընդոտվի տեղական մթերքի արտահանումը:

Դիզվառելիքի գյուղատնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին մանրամասնում է «Ռադիոլուրը»:

Սեղմած գազի, դիզվառելիքի և բենզինի թանկացումն իրենց վրա կզգան ոչ միայն վարորդները, այլեւ գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Եթե բենզինը հունվարից թանկացել է 30 դրամով, ապա դիզվառելիքի գինը,  Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ,  բարձրացել է 60 -ով:  Իսկ առջևում  գարնանացանն է:

«Էս ինչ հարված են տալիս գյուղատնտեսությանը, թե ընդհանրապես ուզում են մեզ մոտ միշտ գյուղմթերքը ներկրեն: Սա կարծում եմ, որ առանց մտածելու արված քայլ է: Սա գյուղատնտեսության վերջը կլինի»:

Խնձորի հսկայական այգիներ ունեցող օհանավանցի  Արտյոմ Նավասարդյանը դժգոհում է նախորդ տարիների կարկուտից կրած վնասներից, գյուղնախարարության  ոչ ճիշտ հաշվարկներից ու փոխհատուցումից:  Այսօր դժգոհությանը գումարվում է դիզվառելիքի թանկացումը։ Դա կզգացվի հողագործական  աշխատանքներն ժամանակ:

«Մի շարքը, որը կազմում է  600 քմ մետր, բուժումը կատարում էին 1000 դրամ: Հիմա ավելի թանկ կլինի, քանի որ դիզվառելիքը թանկացել է: Դա այն ժամանակ եմ ասում, որ դիզվառելիքը 7000 դրամ էր»:

Եթե այգեպան Արտյոմ Նավասարդյանը հաշվարկները ներկայացրեց  խնձորի այգիների  դեպքում, ապա Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հողերի վար ու ցանքի իր հաշվարկներն է ներկայացնում։

«Եթե նախկինում վարը կատարվում էր 25.000 դրամով, ապա այս թանկացման  արդյունքում նույն աշխատանքը կկատարվի 35.000 դրամով»:

Ավելին, Հրաչ Բերբերյանը նշեց, որ թանկացումը կխոչընդոտի տեղական արտադրանքի արտահանմանը, ավելին՝ կխթանի  ներմուծմանը

«Եթե ռուսաստանյան ֆերմերին 30-40 տոկոսով սուբսիդավորում են դիզվառելիքը, բնականաբար ինքնարժեքը ցածր է: Ուրեմն վաղը Կրասնոդարի, Աստրախանի լոլիկը լցնելու են Հայաստան»:

Սակայն գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, հենվելով նախարարության հաշվարկների վրա, պնդում է դիզվառելիքի թանկացումն էականորեն  չի ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա:

«Այսօրվա հաշվարկներով այս պայմաններում դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն չի կարող ունենալ  գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների  համաձայն՝ լոլիկի, խաղողի մասով մինչև 1-2 դրամի է հասնելու: Այսինքն՝ անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալապես անապահով խավերին  աջակցելու համար կա հանրապետության նախագահի հանձնարարականը։ Եթե ռիսկային լինի, մենք պատրաստ ենք  սուբսիդավորման քաղաքականությունը շարունակել»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահը վստահեցնում է, որ իրենք պայքարելու են դիզվառելիքի թանկացման դեմ, սակայն չմանրամասնեց՝ ինչպես եւ ինչ քայլեր են ձեռնարկելու:

Կարդացեք նաև

Back to top button