

365 օրը չորս րոպեանոց տեսահոլովակում, որից հետո նաև լրագրողների հարցերին արձագանքելով, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր ամփոփել է մշակութային տարին մշակույթային ամենասիրելի հասցեներից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Ֆինանսական բարձր ցուցանիշներ, հաջողությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր, նոր հետաքրքիր ծրագրեր 2018-ի համար: Մշակույթի նախարարն է ներկայացրել:
Աննախադեպ մասնավոր ներդրումներ՝ մոտ մեկ միլիոն դոլար: Պետականի ու մասնավորի համագործակցությամբ իրականացված բազմաթիվ ծրագրեր, որոնց ծավալուն ցանկում առաջիկայում կավելանա նաև Արա Գյուլերի անվան լուսանկարչության թանգարանը, Հայկական գորգի, Սայաթ Նովայի թանգարանները և այլն:
Կրկնապատկված ու բազմապատկված այցելուների թիվ մշակութային օջախներում: Մշակույթի նախարարը կոնկրետ օրիանկներ է բերում
«Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 2016-ին ունեցել է 11 հազար հանդիսատես, այս տարվա միայն առաջին վեց ամիսներին հանդիաստեսի թիվը 23 հազար էր: Օպերային թատրոնում այդ թիվը գերազանցում էր 45 տոկոսը: Վերջին ամիսներին ավելի քան 30 տոկոս աճ է արձանագրվել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ֆինասական ցուցանիշներում»:
Ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկն, ըստ նախարարի, ճիշտ կառավարումն է: Իր պատկերացրած ճիշտ ձևաչափը, ինչպես բազմիցս նշել է՝ մշակույթի կապիտալիզացիան է, այսինքն՝ մշակույթի արժևորումը
«Մեր պատկերացրած ձևաչափը մշակույթի կապիտալիզացիան է, մշակույթի արժևորումը, որը շատերը շփոթում են առևտրայնացման հետ: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են: Մշակույթի կապիտալիզացիա՝ արժևորել մշակույթը, որպեսզի համաշխարհային հարթակում այն դառնա ճանաչելի, սիրելի և գնահատելի: Արժևորել, որպեսզի մշակույթը ստեղծի հավելյալ արժեք և այդ արժեքը կրկին ներդնել մշակույթի մեջ: Սա՛ է մեր գաղափարը»:
Որպես ասվածի ցայտուն օրինակ Ամիրյանը մատնանշում է Ազգային պատկերասարհում բացված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի աննախադեպ հաջողությունը:
«Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ցուցահանդեսն ունեցավ 15 հազար այցելու: Մեկ ամսվա ընթացքում Ազգային պատկերասրահը վաստակեց այնքան գումար, որքան վաստակել էր նախորդ ամբողջ տարվա ընթացքում, ընդունեց այնքան այցելու, որքան ամբողջ մեկ տարվա ընթացքում էր ընդունել: Հենց սա՛ է մեր պատկերացրած մշակույթի կապիտալիզացիան»:
Արմեն Ամիրյանը կարևորեց այն փաստը, որ 2017-ին մշակույթով «գերհագեցած» մայրաքաղաքից ծանրաբեռնվածությունն ուղղվեց դեպի մարզեր. «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 426 համերգ ու ներկայացում, 200 կինոդիտում իրականացվեց:
«Մշակութային կանգառ»-ի գաղափարից ծնվեց նաև «ԱրԱր»-ը՝ մարզերում մշակութային միավորների ստեղծման ՝ նախարարի բնորոշմամբ լավագույն ծրագիրը:
2018-ի առաջնահերթություններից է նոր տիպի գրախանութների ստեղծումը: Նախարարը խոստացավ, որ գարմանն արդեն ականատես կլինենք նոր ու ժամանակակից նման գրախանութի բացմանը, որը կառուցվում է Ստանիսլավսկու անվան թատրոնի առաջնամասում:
Նոր մոտեցումները 2018-ին տեսանելի կլինեն նաև հուշարձանների պահպանության, գրահրատարակչության ոլորտներում: Նախարարի պահանջով հուշարձանների բոլոր շինհրապարակներում առցանց տեսախցիկներ կտեղադրվեն՝ գործընթացն առավել բաց ու արդյունավետ դարձնելու նպատակով:
2018-ի ծրագրերից խոսելիս, Արմեն Ամիրյանն առանձնացրեց երեք առանցքային հոբելյաններն/ Սարդարապատ 100, Առաջին հանրապետություն 100, Երևան 2800/: Առաջին հանրապետության հոբելյանի առիթով Պատմության թանգարանում բացառիկ ցուցահանդես կբացվի:
Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան կբեմադրվի ֆրանսերեն: Սա արդենի եկող տարի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: 2018-ին մշակութային «էպիկենտրոնում» կհայտնվի հատկապես Գորիսը՝ որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: 2017 –ի մշակութայինի ձեռքբերումներից մեկը դարձավ Համահայկական նվագախումբը՝ ապրիլի 24-ին ունեցած բացառիկ համերգով:
Նախարարի մեծ ցանկությունն է՝ 2018-ի ապրիլի 24-ին Երևանում կազամակերպել միասնական երգչախմբի համերգը:




