Հասարակություն

Քաղցր ու վտանգավոր. առողջությանը վնաս են նաեւ մրգային հյութերը

ԱՄՆ Հարվարդի համալսարանի բժիշկների հետազոտությունների համաձայն՝ շաքարի բարձր պարունակությամբ մրգային հյութեր պարբերաբար խմող երեխաները հաճախ  տառապում են ասթմայով:

Ճարպակալման և ասթմայի կապից բացի հայտնաբերվել է, որ քաղցր ըմպելիքների և մեծ քանակությամբ ֆրուկտոզայի գործածությունը նույնպես բարձրացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը:

«Ռադիոլուր»-ի բնական հյութերի հնարավոր վնասների մասին զրուցել է հայ մանկաբույժի հետ և  նաև մեկտեղել ծնողների կարծիքներ:

Շաքարը չի մտնում  այն պարտադիր սննդատեսակների մեջ, որոնք  անհրաժեշտ են թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Հատկապես մինչև մեկ տարեկան  փոքրերին մանկաբույժները  խորհուրդ չեն տալիս  շաքարային պարունակությամբ որևէ հյութ տալ:

Դրան կարող են փոխարինել մրգային խյուսերը: Մանկաբույժ  Լիլիթ Մարությանն ինքն էլ է հասկանում, որ երեխաներին հնարավոր չէ ընդհանրապես զրկել քաղցրից, սակայն խորհուրդ է տալիս  սահմանափակել հատկապես քաղցրահամ հյութերը: Իր մասնագիտական գործունեության ընթացքում զրուցակիցս շատ է հանդիպել մայրերի, որոնք  քաղցրահամ հյութերով  հագեցնում են երեխաների կամակորությունը:

Սակայն  քաղցրահամ հյութերի չարաշահումը բացասական ազդեցություն է ունենում  օրգան համակարգերի վրա:

Վերգինե Պետրոսյանին հանդիպեցի պոլիկլինիկաներից մեկում։ Երեխաների հետ հերթական այցի էր եկել մանկաբույժի մոտ: Հյութերի վնասակարության մասին զրուցելու ընթացքում նշեց, որ իր երեքամյա տղայի համար ջրից  հետո հաջորդ կենսական  հեղուկը  կոկա-կոլան է:  Մեծերը չեն կարողանում հրաժարվել դրանից, իսկ փոքրի աչքից էլ չի վրիպում  դրա գոյությունը:

«Տանը սերկևիլի, դեղձի կոմպոտներ պատրաստում եմ, բայց չի խմում: Կոլա է ուզում: Ճիշտ է փորձում եմ չտալ, բայց երբ տանը տեսնում է չենք կարողանում չտալ»:  

Մանկաբույժն էլ  հյութերից երեխաներին կտրելու ճանապարհը տեսնում է ընտանեկան համախմբվածության մեջ: Եթե երեխային ուզում են հետ պահել «գրավիչ»  հյութերից, ուրեմն առաջին քայլ կատարողը պետք է մեծը լինի՝ ասում է:

«Մենք միշտ ասում ենք, որ եթե սննդակարգի մասին է խոսքը, բոլորդ պետք է հետևեք խորհուրդներին:  Եթե տանը կա քաղցր ըմպելիք, երեխային ասել, որ սա քեզ չի կարելի, անմտություն է: Մեկ-երկու օր և երրորդ օրը նա կսկսի նորից օգտագործել»:

Մյուս զրուցակցիս համար տարօրինակ թվաց մանկահասակ երեխաների ծարավը զովացուցիչ ըմպելիքներով  հագեցնելը, սակայն նաև չէր ընդունում տան պայմաններում պատրաստված   բնական հյութերի վնասակարությունը։ Հյութը երեխայի օրգանիզմի համար կարևոր է՝ ասում է:

«Քանի որ իմ տղան ունի հեմոգլոբինի խնդիր, մենք ամեն օր խմում ենք գազարի, խնձորի, բազուկի հյութ և նաև խնձորով ու սև չամիչով առանց շաքար պատրաստված  հյութը: Որպես ծնող  նախընտրում  եմ  ինքս  պատրաստել»:  

Տան պայմաններում բնական մրգերից հյութաքամիչով պատրաստած  հյութերը նույնպես  պետք է սահմանափակել: Մանկահասակ երեխաներին օրական թույլատրվում է խմել 125-250 մլ հյութ:

«Անգամ այդպես տրվող հյութն ածխաջուր է, իսկ շատ քանակությամբ ածխաջուրը վտանգավոր է»:

Ատամնաբույժները հորդորում են  քաղցրն օգտագործել ուտելուց հետո, երբ արդեն բերանում միկրոֆլորան ինչ- որ չափով խախտվել է:  Սրան զուգահեռ պետք է պահպանել նաև ատամների խնամքը:  Այնուամենայնիվ ամենաանվտանգ ու կենսական  անհրաժեշտ հեղուկը  բոլորի համար շարունակում է մնալ ջուրը:  

Կարդացեք նաև

Back to top button