

Երբ հերթական անգամ սրվեցին թուրք-իսրայելական հարաբերությունները Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո, Իսրայելում կրկին օրակարգ մտավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ի դեպ, իսրայելագետները, արեւելագետները, անգամ տեղացիները չեն հերքում, որ թուրք-իսրայելական հարաբերությունների վատացմանը մշտապես հաջորդում է ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, որը կարծես Դամոկլյան սուր է՝ կախված երկուստեք հարաբերությունների գլխին:
Ի՞նչ են խոսում Իսրայելում եւ ի՞նչ է սպասվում Իսրայել-ԱՄՆ դաշնակցային որոշումների ֆոնին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ «Ռադիոլուր»-ն է ներկայացնում:
Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որը որպես իրողություն ընդունվել է մարդկության քաղաքակրթությունը գլխավորող մի շարք երկրների կողմից, Իսրայելի կողմից մինչ օրս մերժվում է գրեթե բոլոր մակարդակներում։ Ինչո՞ւ է այսօր Իսրայելի քաղաքական շրջանակներում խոսվում ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթի օրակարգ ներառելու մասին, եւ ինչո՞ւ է մշտապես թուրք-իսրայելական հարաբերություններով պայմանավորվում իրողության ճանաչումը:
Տեղեկացնեմ, որ նախօրեին «Իսրայելի ձայն» ռադիոկայանի հյուրն է եղել Իսրայելի ընդդիմադիր խոշորագույն կուսակցության՝ «Լիկուդի» առաջնորդներից եւ Իսրայելի վարչապետի հավակնորդներից Գիդեոն Սաարը: Ռադիոկայանի լրատվական բաժնի ղեկավար Ցվի Զիլբերը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ Իսրայելի վարչապետի հավակնորդը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որը պատմական իրողություն է, եւ ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում:
«Մինչ այսօր, ըստ նրա, Իսրայելը ձեռնպահ է մնացել նման քայլերից քաղաքական նկատառումներից ելնելով՝ հայացք հառելով Թուրքիայի հետ հարաբերություններին, որը անգամ նախկին տարիներին, մինչեւ Էրդողանի իշխանության գալը, համարվում էր նույնիսկ Իսրայելի ռազմավարական գործընկերը Մերձավոր Արեւելքում։ Քաղաքական գործիչը հայտարարեց, որ քանի որ ցեղասպանութունը պատմական փաստ է, ապա Իսրայելը պետք է անհապաղ ճանաչի այն, քանի որ այս ճգնաժամի ֆոնին պարզ դարձավ, որ հարաբերությունների կարգավորում Թուրքիա հետ տեղի չի ունենա, համենայնդեպս, ոչ այս նախագահի, ոչ այս իշխանությունների ժամանակ: Ես ուզում եմ ընդգծել այն փաստը, որ ոչ միայն նման կարեւոր քաղաքական գործիչն է բարձրացնում այս հարցը, այլեւ ժամանակ առ ժամանակ սրա մասին խոսում են ոչ միայն ռուսերենով, այլեւ եբրայերենով տարբեր մարդիկ եւ տարբեր քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ իսրայելական ազդեցիկ ԶԼՄ-ներ»:
Ցվի Զիլբերը կարծում է, որ մոտ ապագայում Քնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեկուզ թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին:
Հավելեմ նաեւ, որ իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը նույնպես կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայտարարելով, որ անցած տարի Անկարայի հետ կնքված հաշտությունն իրականում «դիվանագիտական սխալ» էր, ու կուսակցությունը ջանք կգործադրի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում, ներկայացնելու համար:
Իսրայելի քաղաքական շրջանակներին զայրացրել է Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթաժողովում։ Էրդողանը մահմեդականներին կոչ էր արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք, որից հետո նշել, որ Թուրքիան պատրաստվում է իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմի արեւելայան հատված: Այս ֆոնին արեւելագետները, վերլուծելով թուրք-իսրայելական մերթընդմերթ վատթարացող եւ կարգավորվող հարաբերությունները, նշում են, որ այս երկու պետությունները, չնայած հրապարակային քննադատություններին եւ անհամաձայնություններին, տնտեսապես կախված են միմյանց:
«Տարածաշրջանում Թուրքիան հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ: Իսկ բոլոր հարեւաների հետ հարաբերություն չունեցող Իսրայելի համար կարեւոր են եղել տարածաշրջանային այս երկրի հետ հարաբերությունները»:
Իսրայելագետ Կարեն Վերանյանը թեկուզ հեռավոր ապագայում, բայց չի բացառում Իսրայելի կողմից պաշտոնապես Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ըստ փորձագետի, այս մոտեցումը կիսում են Իսրայելի քաղաքական, խորհրդարանական իշխանական ազդեցիկ շրջանակներ։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հստակ ձևակերպել, որ նշյալ խնդրում շատ բան կախված է հայկական կողմի դիվանագիտությունից և ճկունությունից:
«Այս հարցը մենք պետք է ապաքաղաքականացնենք: Եթե քաղաքական հիմքերով է ներկայացվում, չունի ապագա։ Այսինքն՝ չի կարող լուծում ստանալ այն շրջանակներում, որը մեզ է ձեռնտու: Դիվանագիտությունը հնարավորություն է տալիս, որ հայկական կողմը կարողանա հարցը դիտարկել նախ եւ առաջ բարոյական, մարդկային շրջանակներում»:




