

Ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներն ակտիվանում են. դա են վկայում ակտիվ այցերը: Ինչով է պայմանվորված այցերի առատությունը այս շրջանում:
Արցախցի քաղաքագետի կարծիքով արցախյան հարցը վաղուց լուծված է, և հայկական կողմը բավականին ամուր է: Հայաստանցի փորձագետի կարծիքով էլ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը ձեռնտու Մոսկվային, և այն երկար դեռ կպահպանվի:
Ակտիվ հանդիպումների շրջան՝ ղարաբաղյան քննարկումներով. երկու օր առաջ կայացավ Պուտին-Էրդողան հանդիպումը, քննարկվեց նաև ղարաբաղյան խնդիրը: Երեկ կայացավ Նալբանդյան- միջնորդներ հանդիպումը։ Տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցեր։ Օրակարգում էր նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Մոտակա շրջանում նախատեսվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան ու Բաքու։ «Կփորձենք հասկանալ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գործադրվող ջանքերի առումով»,– մինչ այդ հայտարարել է Լավրովը։ Նա, ի դեպ, տարածաշրջան կայցելի նոյեմբերի 19-ից 20-ը։ Այցի օրը հրապարակել է արդեն Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը։ Նա Մոսկվա մեկնում է այսօր։
«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն զուտ բանակցություններ: Անգամ պահանջում ենք, որ լինեն կոնկրետ արդյունքներ: Նախագահների հանդիպմանը նույնպես նշվել է, որ բանակցությունները պետք է կրեն ինտենսիվ բնույթ: Ես գնում եմ Մոսկվա այդ դիրքորոշմամբ: Ժամանակն է լուծել այս հակամարտությունը»,- ասել է Մամեդյարովը:
Մինչ նա կայցելի ՌԴ, այսօր արդեն Մոսկվայում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց բոլորովին այլ նպատակով եւ օրակարգով: Սակայն վերոնշյալ այցերը վկայում են Մոսկվայի դերի ակտիվացում ղարաբաղյան խնդրում: Ի՞նչ վիճակ է ուզում տեսնել ղարաբաղյան խնդրում Մոսկվան, որը Հարավային Կովկասը գնահատում է որպես իր ազդեցության գոտի։ Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանին լսենք
«Կայուն գոտի է ուզում տեսնել. չեմ կործում, որ փոփոխություններ կլինեն»:
ԼՂՀ խնդրով փորձագետ Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Լավրովը դժվար թե նոր առաջարկներով ժամանի տարածաշրջան, այս վիճակը ձեռնտու է Մոսկվային՝ կարծում է:
Առայժմ կարող ենք ասել, որ քննարկումների առանցքում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները կյանքի կոչելն է։
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը ձեռնտու չէ Հայաստանին, Ղարաբաղին ու Ադրբեջանին, սակայն դա դեռ երկար կտևի, քանի որ ձեռնտու է Մոսկվային՝ կարծում է քաղաքագետը:




